ՊԲ հրամանատարն է ցուցում տվել, որ Բալասանյանը զինծառայողների շրջանում քարոզչություն չանի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

ջաալ

Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը քվեարկությունից հետո պատասխանել է լրագրողների հարցերին:

Անդրադառնաով սահմանային իրավիճակին՝ ՊԲ հրամանատարը վստահեցրել է, որ վերահսկում է իրավիճակը, հրամանատարական կազմն ու ժամկետային զինծառայողներն ամեն ինչ անում են՝ էլ ավելի զգոնությունը բարձրացնելով, որպեսզի հակառակորդի սադրանքներից զերծ մնանք:

Ջալալ Հարությունյանն անդրադարձել է նաև ամիսներ առաջ Ստեփանակերտի Հայկազովի զորամասում, որտեղ ծառայում են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների զավակներ, զինծառայողի մահվան դեպքին։

«Բոլոր դեպքերով հարուցված են քրեական գործեր։ Իրավապահները աշխատում են, և համոզված եղեք՝ այն մարդիկ, ոորոնք հասցրել են նման իրավիճակի, պատժվելու են, և դուք տեղյակ եք լինելու։ Ի՞նչ ենք անում․ էսօր նախանշված են միջոցառումներ, որոնք պետք է կանխարգելեն նմանատիպ դեպքերը։ Հստակ կան խնդիրներ, և վերահսկողությունը մի քանի անգամ բարձրացվել է»,-ասել է հրամանատարը։

Նախընտրական փուլում ՊԲ-ն հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով թեկնածուներին զերծ մնալ բանակը նախընտրական գործընթացներում ներքաշելուց։ Ջալալ Հարությունյանն  անդրադարձել է նաև այդ հայտարարությանը՝ նշելով, որ բանակը ներգրավելու մասին որևէ տեղեկություն չունի, հակառակը, կան դժգոհ մարդիկ, որոնք փորձել են քարոզարշավ իրականացնել զինծառայողների շրջանում, սակայն իրենք կանխարգելել են։

Նշենք, որ օրերս Վիտալի Բալասանյանը զինծառայողներին քարոզչական նյութեր էր փոխանցել, ինչի հետ կապված սկսվել է ծառայողական քննություն։ Ըստ ՊԲ հրամանատարի՝ անձամբ ինքն է զգուշացման ցուցում տվել։

ՊԲ հրամանատարն անդրադարձել է նաև նոր սպառազինությանը՝ նշելով, որ նոր զինատեսակներն արդեն շահագործվում են և մարտական դիրքերում են: