Հայաստանի պատվիրակության անդամ չհանդիսացող ոչ մի անձ Լոնդոն չի մեկնել․ հերքում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News     

բռնցքամարտի ֆեդերացիա

Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան հերքել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի կողմից տրամադրված այն տեղեկությունը, թե Լոնդոնում դադարեցված բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարին մասնակցելու համար Հայաստանի պատվիրակության հետ Լոնդոն են մեկնել պատվիրակության անդամ չհանդիսացող և ֆեդերացիայի կողմից չհաստատված անձիք:

«Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ոչ միայն անթույլատրելի տեղեկատվություն է տարածել կորոնավիրուսի հետ կապված, այլև շարունակում է ապատեղեկատվությունների շարանը և չի վարանում անգամ աշխարհը փոթորկած ու բազմաթիվ մարդկանց մահվան պատճառ դարձած վարակը օգտագործել իր ապատեղեկատվությունների հիմքում: news.am-ին և topsports.am-ին տված պատասխանում ֆեդերացիան հերթական սուտ տեղեկությունն է տարածել, որ իբր բռնցքամարտի Հայաստանի պատվիրակության հետ Լոնդոն են մեկնել պատվիրակության անդամ չհանդիսացող մարդիկ:

Պաշտոնապես հայտարարում ենք, որ բռնցքամարտի Հայաստանի պատվիրակության հետ, պատվիրակության անդամ չհանդիսացող ոչ մի անձ մրցավայր չի մեկնել: Հայաստանի պատվիրակության կազմում եղել են 10 բռնցքամարտիկ, 2 մարզիչ, 1 բժիշկ և Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը: Ի դեպ, hենց ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի ու ՀԱՕԿԻ կողմից տրված համատեղ հայտով է Հայաստանի պատվիրակությունը մասնակցել վարկանիշային մրցաշարին:

Արթուր Գևորգյանի գլխավորած ֆեդերացիան որևէ կապ չի ունեցել Լոնդոն մեկնած պատվիրակության հետ, ուստի ՀԲՖ-ն ոչ բարոյական, ոչ էլ իրավական տեսակետից իրավունք չունի հայտարարություն տարածել Լոնդոն մեկնած բռնցքամարտի պատվիրակության վերաբերյալ, առավել ևս, եթե նման հայտարարություններն արգելվում են ՀՀ օրենքով»,- ասված է Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ: