ԵՊԲՀ-ն հաղթել է ARICE թվինինգ ծրագրում. կստեղծվի քաղցկեղի հետազոտության ենթակառուցվածք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

եպբհ

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հաղթել է «Քաղցկեղի հետազոտությունների ենթակառուցվածքի ստեղծումը Հայաստանի համար» (ARICE) թվինինգ ծրագրում: Այն նպատակ ունի Հայաստանում բարձրացնել հետազոտական ենթակառուցվածքների հնարավորությունները քաղցկեղի հետազոտության ոլորտում` զարգացնելով ժամանակակից բիոբանկի տվյալները, հետազոտությունները: Այս մասին հայտնում է ԵՊԲՀ-ի պաշտոնական կայքէջը:

Նշված նպատակին հնարավոր է հասնել այդ ոլորտի առաջատար համալսարանների հետ սերտ համագործակցության արդյունքում:
ԵՊԲՀ-ն` որպես համակարգող, ծրագիրը կիրականացնի Ավստրիայի Գրացի բժշկական համալսարանի, Ֆրանսիայի քաղցկեղի ուսումնասիրության միջազգային կենտրոնի և Չեխիայի Կառլովա համալսարանի մասնակցությամբ` տարածելով իր կարողությունները` ինստիտուցիոնալ, ազգային և տարածաշրջանային մակարդակում:
Հայաստանում նշված հետազոտման ենթակառուցվածքի ստեղծումը պայմանավորված է քաղցկեղի հիվանդացության և մահացության, նաև հազվադեպ չարորակ հիվանդությունների տարածվածության շատ բարձր ցուցանիշներով` համեմատելով եվրոպական երկրներում կատարվող հետազոտությունների հետ: ARICE նախագիծը ապահովելու է քաղցկեղի հետազոտման ենթակառուցվածքի զարգացումն ինչպես Հայաստանում, այնպես էլ` տարածաշրջանում:
Քաղցկեղի կանխարգելման, մասնավորապես` բիոմարկերների լայնածավալ պոպուլյացիոն հետազոտությունները նպաստելու են նոր գիտական նվաճումներին և բուժման հաջողություններին:
ARICE նախագծի իրականացումը հիմքեր կստեղծի կլինիկական բժշկության, կենսաբանության, բժշկական էթիկայի, բժշկական տնտեսագիտության, կենսաստատիստիկայի զարգացմանը:
Բժշկական համալսարանի կողմից համակարգվող, 3 տարի տևողությամբ «Քաղցկեղի հետազոտությունների ենթակառուցվածքի ստեղծումը Հայաստանի համար» (ARICE) թվինինգ ծրագիրը կիրականացվի ԵՊԲՀ բժշկական գենետիկայի ամբիոնի մասնագետների կողմից, որոնք մեծ փորձ ունեն քաղցկեղի գենետիկայի ուսումնասիրության ոլորտում: