Միայն գնում ենք հացի, ըստ անհրաժեշտության․ ի՞նչ են անում մարդիկ արտակարգ դրության օրերին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News 

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մարտի 16-ին Հայաստանում արտակարգ դրություն հայտարարվեց։ Երևանում այս օրերին շատերը նախընտրում են ավելի քիչ օգտվել հանրային տրանսպորտից և միայն խիստ անհրաժեշտության դեպքում գնալ խանութ, գնումներ կատարել։

Թեմայի շուրջ 24News-ը շրջել է փողոցներում և զրուցել քաղաքացիների հետ։ 

«Միայն գնում ենք հացի, ըստ անհրաժեշտության ենք դուրս գալիս, սնունդ ենք գնում, էլի վերադառնում տուն», - պատմում է հարցմանը մասնակցած քաղաքացիներից մեկը։

Պահպանել հիգիենայի կանոնները, հաճախ լվացվել, դիմակ կրել փակ և բազմամարդ տարածություններում․ սրանք այն հիմնական գործողություններն են, որոնց մասին խոսում են գրեթե բոլոր քաղաքացիները՝ հավաստիացնելով՝ հետևում են առողջապահության նախարարության հորդորներին։

Նշենք նաև, որ մարտի 20-ին՝ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունվեց քրեական և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, ըստ որի՝ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով՝ մինչև 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով։ 

Անդրադառնալով այս փոփոխություններին՝ քաղաքացիներից շատերը 24News-ի հետ զրույցում նշեցին, որ սահմանված պատիժը խիստ չէ, եթե մարդը պետք է մեկուսանա և չի անում դա, պետք է պատիժ կրի։ Մյուս քաղաքացիներն էլ նշեցին, որ 5 տարի ժամկետով ազատազրկումը փոքր-ինչ շատ է այս դեպքում, և մի քանի ամիսն էլ բավական է, որպեսզի մարդը հասկանա, որ հիվանդ լինելու դեպքում պետք է մնա տանը, որպեսզի չվարակի մյուսներին։