Մարդիկ և՛ ֆինանսապես, և՛ հոգեպես ի վիճակի չեն ճամփորդելու․ տուրերը չեղարկվում են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News 

հասարակական

Զանգեր, քննարկումներ, հանդիպումներ, հետագա տուրերի կազմակերպում․ այս բոլոր գործընթացները տուրիստական ընկերություններն արտակարգ դրության պայմաններում իրականացնում են տնից՝ հեռավար աշխատանքի միջոցով։ 24News-ը զրուցել է մի քանի ընկերությունների հետ։ 

«Մարտի 16-ին, երբ արտակարգ դրություն հայտարարվեց, հեռավար աշխատանքին ենք անցել, սկզբում դժվար էր, բայց պայմաններն են ստիպում։ Կապ ենք պահպանում և՛ ներսի, և՛ դրսի տուրիստական խմբերի հետ, պատրաստվում ենք ամառային և աշնանային տուրերի։ Տվյալների թարմացում ենք կատարում, նոր տուրերի և պորդուկտների վրա ենք աշխատում, հետագա համագործակցության պլաններ ենք մշակում», - այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Feel Armenia» տուրիստական ընկերության ներգնա տուր մենեջերը։ 

Աշխատակիցը նշեց, որ ներկայումս տուրիստներ չկան, տուրիստական շատ խմբեր խնդրել են հետաձգել կամ դադարեցնել ճանապարհորդությունները և ապրիլ - մայիս ամսիսների համար նախընտրում են տուրեր չկազմակերպել։ 
«Տուրիստական շատ ընկերություններ փակվել են, քանի որ պարզապես անհնար է նման պայմաններում աշխատել։Հույս ունենք կկարողանանք դիմակայել ստեղծված իրավիճակին և փորձություններին», - նշեց մենեջերը։

Տուրիստական ընկերություններն այս օրերին բազմաթիվ խնդիրների առաջ են կանգնել, որոնք հիմնականում կապված են պոտենցիալ հաճախորդների նվազմամբ, տուրերի հայտերի բացակայությամբ։ 

«Մարդիկ և՛ ֆինանսապես, և՛ հոգեպես ի վիճակի չեն ճամփորդելու, և սա դժվարություններ է ստեղծում մեզ համար։ Ֆինանսական դժվարություններ արդեն կան, որոնք կապված են տուրերի չեղարկման հետ, հաճախորդների և հյուրանոցների հետ», - նշեց ընկերության աշխատակիցը։ 

«Դադարեցրել ենք գրասենյակային աշխատանքը, խմբակային և այլ տուրեր չենք կազմակերպում, հիմա ոչինչ անել չենք կարող, սպասում ենք զարգացումներին։ Մինչև ապրիլի 1-ը դադարեցրել ենք բոլոր ճանապարհորդությունները», - այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց մեկ այլ տուրիստական ընկերության՝ «One way»-ի ներգնա տուր մենեջեր Անի Մարկոսյանը։
 
Մենեջերի խոսքով՝ ներկայումս հարցումներ լինում են անհատական տուրերի վերաբերյալ։ Նա չբացառեց, որ հնարավոր է տուրեր կազմակերպեն՝ մաքսիմում 8 անձի մասնակցությամբ։

 «Anriva tour» ընկերության աշխատակիցն էլ նշեց, որ ներկայումս կասեցված են բոլոր թռիչքները։ Այս ընկերությունում ևս աշխատանքն իրականացնում են տնային պայմաններում։

«Վերջին թռիչքն իրականացրել ենք Շարմ Էլ Շեյխից Երևան, որպեսզի հետ բերենք մեր տուրիստներին։ Ներկայումս զբաղված ենք կասեցված և չեղարկված թռիչքների վերաբերյալ մեր գործընկերների հետ քննարկումներով», - նշեց ընկերության աշխատակից Լիլիթ Բաբայանը։

Նրա խոսքով՝ շատ տուրիստներ իրենց հանգիստը կրճատել են և հետ են վերադարձել Հայաստան, բոլոր վերադարձածները առողջ են եղել և մեկուսացման կարիք չի եղել։ 

«Հիմնական բարդությունը մարդկանց մտածելակերպի հետ է կապված․ փոխըմբռնումով չեն մոտենում, չեն գիտակցում, որ ստեղծված իրավիճակում բազմաթիվ ընկերություններ վնասներ են կրել։ Շատ տուրիստներ կոմպրոմիսով չեն վերաբերվում ընկերությունների ունեցած դժվարություններին։ Շատերը վախենում են, որ իրենց գումարները կկորցնեն, այնինչ պետք է գիտակցել, որ սա ոչ ոքի մեղավորությունը չէ», - նշեց ընկերության աշխատակիցը։

Այս ընկերություն ևս իր աշխատանքը հեռավար եղանակով կիրականացնի մինչև մարտի վերջ։

Սոնա Գրիգորյան