3 երեխաների մայրը խնդրել է ՄԻՊ-ին աջակցել երեխաների, ամուսնու հետ վերամիավորվելու հարցում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

ՄԻՊ

Երեք երեխաների մայրը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը երկրում արտակարգ դրությամբ պայմանավորված արգելքների պատճառով ընտանիքի՝ երեխաների և ամուսնու հետ վերամիավորվելու հարցում, հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: 

Այս դեպքն Արման Թաթոյանը քննարկել է Տիգրան Ավինյանի հետ և նրա հետ շուրջօրյա համատեղ աշխատանքի արդյունքում արագ կազմակերպվել է ընտանիքի վերամիավորումը։

Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատում արտակարգ դրության պայմաններում Պարետի նման պատրաստակամությունը, արագ արձագանքը և կոնկրետ դեպքերին անհատական մոտեցումը։

Այնպիսի իրավիճակներում, ինչպիսին արտակարգ դրությունն է, հատկապես է կարևոր նկարագրված օրինակով պետության արագ արձագանքը մարդու իրավունքների հարցերին և անհատական մոտեցումը։