Ստեփանավանում բացահայտվել է էներգետիկ անվտանգության գոտում խախտումով կառուցված 73 կառույց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

լոռի

Լոռու մարզի դատախազությունը 2019 թ. ընթացքում պետական շահերի պաշտպանության բնագավառում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզել էր, որ մի շարք դեպքերում համայնքի ղեկավարի որոշմամբ օրինականացվել են այնպիսի ինքնակամ կառույցներ, որոնք կառուցվել են էներգետիկ անվտանգության գոտիներում՝ իրական սպառնալիք ստեղծելով մարդկանց կյանքի և առողջության համար, տեղեկացնում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Օրինակ, Ստեփանավան համայնքում պարզվել էր էներգետիկ անվտանգության գոտում տարբեր խախտումներով կառուցված 73 կառույց, որից 71-ի դեպքում հետագայում խախտումների վերացման ուղղությամբ միջոցներ չեն ձեռնարկվել։

Մարզի վարչական տարածքում գործող համայնքներում հայտնաբերված օդային գծերի էներգետիկ անվտանգության գոտիների խախտումները վերացնելու ուղղությամբ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից տևական ժամանակ որևէ միջոցառում չի ձեռնարկվել, որի արդյունքում փաստացի չի չեզոքացվել այդ խախտումների արդյունքում մարդկանց կյանքին, առողջությանը, գույքին և շրջակա միջավայրին սպառնացող հնարավոր վտանգները: Այդ խնդիրը հնարավոր է լուծել բացառապես էներգետիկայի բնագավառի փակ բաժնետիրական ընկերությունների և տարածքային կառավարման մարմինների միջև համագործակցության, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով տեղական ինքնակառավարման մարմիններին պետության պատվիրակած լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական և մասնագիտական արդյունավետ հսկողություն իրականացնելու եղանակով։

Վերոգրյալը հաշվի առնելով՝ Լոռու մարզի դատախազը միջնորդագիր էր ներկայացրել մարզպետին՝ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նմանատիպ երևույթները բացառելու, էներգետիկ անվտանգության գոտիների խախտումները վերացնելու, այդ գոտիներում մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող հնարավոր վտանգները չեզոքացնելու, ինքնակամ կառույցների հետագա օրինականացումը բացառելու, օրենսդրությանը հակասող որոշումների առկայության պայմաններում համայնքի ավագանուն և համայնքի ղեկավարին այդ որոշումները վերացնելու կամ փոփոխելու առաջարկությամբ հանդես գալու վերաբերյալ։