ԱԳՆ-ն ՌԴ-ից վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիներին հորդորում է օգտվել միայն օդային ուղիներից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանից Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիներին հորդուրում է օգտվել բացառապես օդային ուղիներից։

«Տեղեկացնում ենք, որ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով շարունակում է փակ մնալ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։

Հիշեցնում ենք, որ Վրաստանի կառավարության որոշման համաձայն՝ մարտի 18-ից սկսած բոլոր արտասահմանցիների մուտքը Վրաստան արգելված է: Հետևաբար նույնիսկ եղանակային պայմանների բարելավման և դեպի Լարս տանող ավտոճանապարհի բացման պարագայում ռուս-վրացական սահմանը հնարավորություն կունենան հատել միայն բեռնատարները և իրենց հայրենիք վերադարձող Վրաստանի և ՌԴ քաղաքացիները։ Վերին Լարսի անցակետն անժամկետ փակ է օտարերկրացիների համար։

Եվս մեկ անգամ հորդորում ենք մեր քաղաքացիներին Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար օգտվել բացառապես օդային ուղիներից, մասնավորապես՝ մոտակա Կրասնոդար և Դոնի Ռոստով քաղաքների օդանավակայաններից»,- ասված է ԱԳՆ հայտարարությունում: