Մարզերում ևս կյանքը տեղափոխվել է հեռավար տիրույթ․ բնակիչները 1-2 օրվա գնումներ են կատարում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News 

հասարակական
24News-ը զրուցել է որոշ մարզպետների հետ՝ պարզելու, թե հիմնականում ի՞նչ վերահսկողական աշխատանքներ են իրականացվում մարզերում և համայնքներում՝ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով։ 

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը 24News-ի հետ զրույցում նշեց, որ մարզի խոշոր համայնքներում ախտահանիչ աշխատանքներ են իրականացվում, մասնավորապես ախտահանվում են շքամուտքերը, ադմինիստրատիվ շենքերը, ախտահանվում է նաև մարզային և միջհամայնքային տրանսպորտը։ 

«Համայնքների ղեկավարներին առաջարկել ենք, որպեսզի խստագույնս պահպանեն պարետատան կողմից սահմանված նորմերը, ինչպես նաև հետամուտ լինեն, որպեսզի հանրային սպասարկման օբյեկտներում սանիտարահիգիենիկ պայմաններ պահպանվեն և մարդկային կուտակումներ չլինեն», - նշեց մարզպետը։

Մարզպետի խոսքով՝ համայնքապետարաններում և մարզպետարանում 60 տարեկանից բարձր աշխատակիցները, ինչպես նաև մյուս խոցելի խմբերը հեռավար եղանակով են աշխատում։ Իսկ ուսումնական հաստատությունները լիովին անցել են հեռավար ուսուցման եղանակի։ 

Անդրադառնալով բնակիչների կողմից կատարվող գնումներին՝ մարզպետը նկատեց․

«Ընդգծված խուճապային գնումներ մարզում չկան։ Առօրյա գնումները փոքր ինչ ավելի են կատարվում, բնակիչներ կան, որ միանգամից մեկ-երկու օրվա գնումներ են կատարվում»։

Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով Շիրակի մարզում ևս ախտահանիչ և վերահսկողական աշխատանքներ են իրականացվում։ 

«Տնտեսվարողներին ևս ներկայացվում են հանձնարարականներ, թե ինչ պետք է իրականացվի, առավելագույնս աշխատում ենք, որպեսզի կարողանանք հնարավորինս կանխարգելել վիրուսի ներթափանցումը», - այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ 

Անդրադառնալով հեռավար ուսուցման և աշխատանքի կարգավորմանն ուղղված աշխատանքներին՝ մարզպետը նշեց, որ մաքսիմալ խրախուսում են տեղեկատվական գործիքների օգտագործումը։

«Առանձին դպրոցներ փորձում են իրենց անհատական մոտեցումներն ունենալ հեռավար ուսուցման և տեղեկատվական գործիքների կիրառման հարցում։ Փորձում ենք մեր բոլոր գործառույթները հնարավորինս տեղափոխել հեռավար տիրույթ։ Մարզպետարանում ևս կան աշխատակիցներ, որոնք հեռավար աշխատանքի եղանակին են անցել», - նշեց Պետրոսյանը։

Ինչ վերաբերում է խանութներում իրականացվող գնումներին, Շիրակի մարզպետը նշեց․

«Եղել է օր, որ ալյուրի հետ կապված խնդիր ենք ունեցել, երկու օր առաջ խուճապային տրամադրություններ և գնումներ եղել են բնակիչների շրջանում, սակայն հիմա հանդարտվել է։ Իսկ դեղատներում դիմակները և ալկոգելերը շարունակում են մեծ պահանջարկ ունենալ»։

Մենք կապ հաստատեցինք նաև Լոռու և Տավուշի մարզպետների հետ, վերջիններս ևս հաստատեցին, որ համապատասխան ախտահանիչ և վերահսկողական աշխատանքներ են իրականացվում մարզերում։

Սոնա Գրիգորյան