Արցախի դատախազությունում ընթացքավորվել է 7 հրապարակում, ստացվել է 4 դիմում և 1 ահազանգ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News   

Արցախ

31.03.2020թ. նախատեսված ԱՀ համապետական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում, ընտրության և դրան հաջորդող օրերին զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկում անցկացնելու, հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ հրապարակումները, ընտրական գործընթացներին ներգրավված սուբյեկտների դիմումները, հաղորդումներն ու ահազանգերը գրանցելու, հաշվառելու և հնարավոր սեղմ ժամկետում դրանց քննարկումը կազմակերպելու նպատակով, ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը 26.02.2020թ.-ից մինչև 17.03.2020թ. ընկած ժամանակահատվածում գրանցել և ընթացքավորման համար համապատասխան հետաքննության ու նախաքննության մարմիններին է ուղարկել առերևույթ հանցագործության հատկանիշների վերաբերյալ տեղեկատվություն պարունակող թվով 7 հրապարակում, որից 5-ը գտնվում է քննարկման փուլում, 1-ում նշված՝ ենթադրյալ հանցագործության վերաբերյալ տեղեկատվությունը ստուգմամբ հերքվել է, իսկ 1 հրապարակման շուրջ կատարված ստուգման արդյունքում որոշում է կայացվել հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին:
Ֆիզիկական անձանց կողմից ներկայացվել է 4 դիմում, որից 2-ի շուրջ նախապատրաստված նյութերն ուղարկվել են տարածքային ընտրական հանձնաժողովներ` ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ վարչական վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար, իսկ 2-ը գտնվում է ստուգման փուլում:

ԱՀ մի շարք համայնքներում քարոզչական պաստառներ փակցնելու՝ ԱՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգի խախտումների վերաբերյալ դատախազության թեժ գծի կարճ՝ «9901» հեռախոսահամարին, քաղաքացու կողմից կատարված ահազանգի վերաբերյալ արձանագրությունն ուղարկվել է համապատասխան համայնքների ղեկավարներին և կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ ահազանգում հնչեցված խնդիրը ուսումնասիրելու և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար: