Վերաքննիչը մերժել է «Էրեբունի Պլազայի» կրակոցներ արձակաց անձի կալանավորման որոշման բողոքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News      

Էրեբունի

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոն ներխուժած և կրակոցներ արձակած Արթուր Թորոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման դեմ պաշտպանի բողոքը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց պաշտպան Էդուարդ Աղաջանյանը։

Հարցին, թե արդյո՞ք պատրաստվում են Վճռաբեկ բողոք ներկայացնել, Աղաջանյանը պատասխանեց, որ դեռևս դատարանի որոշումը չի ստացել։

Բացի այդ՝ դեռևս պատրաստ չէ նշանակված դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հունվարի 23-ին «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում կրակոցներ են հնչել։ Ինքնաձիգով զինված անձը մուտք է գործել առաջին հարկ, արձակել կրակոցներ, հետաքրքրվել, թե որտեղ է գտնվում երկրորդ նախագահի գրասենյակը։ Առաջին հարկում գտնվողներն, ըստ էության պատանդի կարգավիճակում էին հայտնվել։

Բանակցությունների արդյունքում նա վայր էր դրել զենք ու հանձնվել։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում 1987թ. ծնված Արթուր Թորոսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 185-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու և 218-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պատանդ վերցնելու համար։ Դատարանը բավարարել էր քննիչի միջնորդությունը ու նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Միաժամանակ բավարարվել էր նաեւ նրա նկատմամբ ստացիոնար դատահոգեբանական, դատահոգեբուժական փորձաքննություն կատարելու համար նրա հոգեբուժարանում տեղավորելու մասին քննիչի միջնորդությունը։

Վերջինս տեղափոխվել է հոգեբուժական կենտրոն՝ ստացիոնար դատահոգեբանական փորձաքննություն անցնելու նպատակով։