Ծաղկաձորի հյուրանոցում մեկուսացված էջմիածինցիները նամակ են գրել քաղաքապետին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

դիանա կորոնավիրուս

Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում մեկուսացված էջմիածինցիները շնորհակալություն են հայտնել աջակիցներին իրենց սատարելու համար: Այս մասին նրանք հայտել են Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանին ուղղված նամակում։

Էջմիածնի քաղաքապետը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ հեղինակները խնդրել են ուղերձի տեսքով տարածել նամակն իրենց անունից: Նամակում հյուրանոցում մեկուսացվածները շնորհակալոթյուն են հայտնել բուժանձնակազմին, սպասարկող անձնակազմին, ոստիկաններին, ՀՀ կառավարությանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ և պետությանը՝ իրենց սատարելու, մտահոգվելու ու ապավինելու համար:  

«Հարգելի՛ հայրենակիցներ, մինչև վերջերս մենք ապրում էինք բնականոն առօրյայով, մեր ամենօրյա հոգսերով ու աշխատանքով, հաճախում կրթական հաստատություններ, զվարճանում ու հանկարծ...մեկ վայրկյանում ամեն ինչ խառնվում է իրար...Ստիպված ես լինում կայծակնային որոշում ընդունել, մեկ վայրկյանում թողնել ամեն ինչ և մեկուսանալ...Եվ սկսվում է բոլորովին նոր պատմություն ու էջ քո կյանքում: Արդեն մի քանի օր է մեկուսացած ենք «Գոլդեն Փելիս»-ում:

Ինչքան էլ փորձենք, չենք կարողանալու ճիշտ և համապատասխան խոսքեր գտնել, որոնք արժանվույնս կարտահայտեն այն, ինչ զգում ենք մենք այստեղ։ Մեր ապրած տարիների ընթացքում առաջին անգամ զգում ենք, թե ինչ է նշանակում Պոտության հովանավորություն, հոգատարություն, աջակցություն: Կենցաղային կարիքներից մինչև սնունդը կազմակերպված է ամենաբարձր մակարդակով, ցանկացած խնդիր ծագելուն պես անմիջապես գտնվում են դրա լուծումները»,-ասվում է նամակում:

Համաքաղաքացիները նշել են, որ վստահ են՝ այս ճգնաժամը ոչ միայն հաղթահարելու են, այլև դուրս ենք գալու պատվով ու հաղթանակած: