Ծերանոցներում, խնամքի կենտրոններում աշխատող բժիշկների խիստ հերթափոխություն է սահմանված

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News   

կորոնավիրոսւ

   

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գտնվող բոլոր կենտրոններում ամենօրյա ռեժիմով սահմանված կարգով իրականացվում են ախտահանիչ անհրաժեշտ  բոլոր միջոցառումները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը:

«Նախարարության ենթակայության ներքո գտնվող բոլոր հաստատություններում՝ ծերանոցներում, երեխաների խնամքի, հոգեկան առողջության կենտրոններում, շարունակվում է պահպանվել կարանտինի ռեժիմը: Բոլոր տեսակի այցելությունները դադարեցված են: Ամենօրյա ռեժիմով կենտրոնների տարածքն ախտահանվում է, տրամադրվում են ախտահանիչ միջոցներ, սահմանված է տեղերում աշխատող բժիշկների խիստ հերթափոխություն»,- ասաց Սոնա Մարտիրոսյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող տարեցների և երեխաների խնամքի շուրջօրյա հաստատություններում կարանտին էր հայտարարվել դեռ փետրվարի 27–ից:

Հայաստանում մարտի 16-ի ժամը 08:00-ի դրությամբ կա կորոնավիրուսով վարակման ևս 2 դեպք:  
Հանրագումարով հաստատված է 30 դեպք:
Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա արդեն ապաքինվել է և դուրս է գրվել հիվանդանոցից։

Աշխարհում վարակակիր է 170 հազար 726 մարդ, մահացածների թիվն անցել է 6 հազար 526-ը, ապաքինվել է 77 հազար 835-ը։  Կորոնավիրուսը տարածվել է աշխարհի 157 երկրում։