ԱՆ-ն Զոհրաբյանի դիտարկումները սուտ է համարել, վերագրել այն Փաստաբանական պալատին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

զոհրաբյան

«Ցավում եմ, որ արդարադատության նախարարությունը քննադատական կարծիքներին նման կերպ է վերաբերվում»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի շուրջ ավելի վաղ հնչեցրած դիտարկումներին Արդարադատության նախարարության տված պատասխանին:

Նա մասնավորապես նշել է, որ ներկայացված մտահոգությունը ներկայացրել է ֆեյսբուքյան իր էջում, իր անունից, իսկ փաստաբանների պալատի կայքում կամ փաստաբանների պալատի անունից այդ օրինագծի վերաբերյալ դեռևս կարծիք չի ներկայացվել: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրինագծի (այսուհետ՝ Օրինագիծ) վերաբերյալ ներկայացրել եմ մտահոգությունս, ընդ որում՝ առանց անձնավորելու: Օրինագծի վերաբերյալ նաև այլ իրավաբաններ են քննադատական կարծիքներ հայտնել:

Մտահոգությունը ներկայացրել եմ ֆեյսբուքյան իմ էջում, իմ անունից: Փաստաբանների պալատի կայքում կամ փաստաբանների պալատի անունից այդ օրինագծի վերաբերյալ դեռևս կարծիք չի ներկայացվել (այս պահին կատարվում է աշխատանքային խմբի ձևավորման աշխատանքներ):

Սակայն սա չխանգարեց, որ արդարադատության նախարարությունը «նախագծի վերաբերյալ վերջին օրերին հայտարարություններ անողներին կոչ է անում զերծ մնալ ակնհայտ սուտ տեղեկություններ տարածելուց, գույքի արժեքի վերաբերյալ մանիպուլյատիվ դիտարկումներ անելուց, ինչպես նաև սլաքները դեպի գործարարները ուղղելուց» պաշտոնական հայտարարությամբ հանդես գա, իսկ փոխկապակցված փաստաբանն ինձ նույնացնի փաստաբանների պալատի հետ և ակնկալի, որ պալատի անունից նման հայտարարություններ չկատարվեն:

Ցավում եմ, որ արդարադատության նախարարությունը քննադատական կարծիքներին նման կերպ է վերաբերվում:

Ինչ վերաբերում է «ակնհայտ սուտ տեղեկություններին» և «մանիպուլյատիվ դիտարկումներին», ապա հուսով եմ արդարադատության նախարարությունը կփարատի մասնագիտական կասկածներս բարեխիղճ ձեռք բերողների հարցով:

Այսպես, Օրինագծի 23-րդ հոդված, մաս 1-ին

«Հոդված 23. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը գույքը ձեռք բերողից

1. Երրորդ անձի կողմից ձեռք բերված ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա չէ բռնագանձման, եթե վերջինս ապացուցում է, որ.

1) գույքը ձեռք բերելու պահին չգիտեր եւ ողջամտորեն չէր կարող իմանալ գույքի՝ ապօրինի ծագում ունենալու մասին, եւ

2) գույքի դիմաց հատուցումն իրականացվել է օրինական եկամուտների օգտագործմամբ:»:

Այս կանոնից պարզ է դառնում, որ Օրինագծի իմաստով բարեխիղճ ձեռք բերող է համարվում ոչ թե այն անձը, որը գույքը հատուցմամբ ձեռք բերելու պահին չգիտեր և չէր կարող իմանալ, որ ձեռք է բերել օտարելու իրավունք չունեցող անձից (ինչպես, որ նախատեսված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին մասում), այլ այն անձը, որ բացի այս հատկանիշից նաև հատուցումն իրականացնելից (վճարելիս) օրինական եկամուտներ է օգտագործել:

Ինչպես տեսնում ենք, Օրինագծով լրացուցիչ պայման է ներդրվել՝ օրինական եկամուտների օգտագործման թեստը:

Սա էր, որ մտահոգության առիթ էր տվել հետևյալ պարզ իրողությունը հաշվի առնելով՝ մեր հայրենակիցների մեծ մասը չի կարող ապացուցել, որ իր եկամուտներն օրինական են եղել: Օրինակ, 90 ականներին Ռուսաստանում արտագնա աշխատանք կատարած և իր եկամուտները կանխիկ ստացած քաղաքացին ինչպես է ապացուցելու, որ օրինական եկամուտներ է ստացել: Օրինագծի աչքերով այս քաղաքացին այլևս բարեխիղճ ձեռք բերող չի համարվի:

Հիմա պարզ հռետորական հարցեր եմ տալիս արդարադատության նախարարությանը՝

- արդյոք Օրինագծով բարեխիղճ ձեռք բերողի համար ավելի բարձր շեմ չի սահմանվել, քան նախատեսված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածում.

- արդյոք այն քաղաքացին, որը գույքը ձեռք է բերել հատուցմամբ, չգիտեր և չէր կարող իմանալ, որ վաճառողն իրավունք չուներ այդ գույքը վաճառել, սակայն չի կարողանում ապացուցել, որ իր կողմից վճարված գումարը օրինական եկամուտներից է առաջացել, ապահովագրված է իր գույքի նկատմամբ բռնագանձումից, եթե այո, ապա՝ ինչպես.

- արդյոք այս տիպի հարցերը բարձրաձայնելը չի օգնելու արդարադատության նախարարությանը Օրինագծի թերությունները շտկել:

Հ.Գ. Կրկնում եմ, որ համաձայն եմ գործող իշխանության կամ ցանկացած քաղաքացու այն դիրքորոշման հետ, որ պետք է պետությունից հափշտակված գույքը վերադարձվի պետությանը: Բայց պետք է դա այնպես կազմակերպվի, որպեսզի բարեխիղճ քաղաքացիները չտուժեն, օտարերկրյա ներդրողները չանհանգստանան»: