Խոշոր ավտովթար Երևանում. կա 7 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

.

Այսօր՝ մարտի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանի հարևանությամբ, բախվել են Mercedes E350 մակնիշի 36 NT 601 համարանիշի և Opel մակնիշի 35 VD 285 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը:

Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության մի քանի բրիգադների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները:

Վերջիններս այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել Opel-ի գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում են, որ բախման հետևանքով Opel-ը կողաշրջվել է և քաղաքացիներն են այն դարձի բերել, որպեսզի կարողանան վիրավորներին դուրս բերել ավտոմեքենայից:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: