Կորոնավիրուսի տարածման հարցում կառավարության կանխարգելիչ քայլերը նկատելի չեն․ տնտեսագետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News    

Գագիկ Մակարյան

Իրանը և Չինաստանը ՀՀ արտաքին առևտրի ընդհանուր ծավալի մոտ 9 տոկոսն են, նրանց բաժին է ընկնում տարեկան շուրջ 580 մլն ԱՄՆ դոլարի շրջանառություն։ Այս երկրներում կորոնավիրուսի վարակը կարող է մատակարարման խզումներ ստեղծել, դրանք արդեն նկատելի են։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը:

«Հնարավոր է գործող պայմանագրեր դադարեցվեն, նոր պայմանագրեր չկնքվեն, ինչը կարող է ՀՀ տնտեսությանը մատակարարման մասով խոչընդոտել, քանի որ վերոնշյալ գումարի շուրջ 85 տոկոսը ներմուծմանն է վերաբերում։ Այս երկրները Հայաստանի համար կրիտիկական են նաև այն պատճառով, որ էժան ապրանք մատակարարող են։ Քանի որ Հայաստանն ունի աղքատության և գործազրկության խնդիրներ, որոնք շարունակում են մնալ և միկրոբիզնեսի շատ ներկայացուցիչներ իրենց տարեկան շրջանառությունն ապահովում են այդ երկրներից ներմուծած ապրանքները վերավաճառելով, ապա տնտեսական առումով դա կարող է ունենալ էական նշանակություն», - ասել է Մակարյանը։

Ըստ նրա՝ տուրիզմի նվազումը ևս անմիջական ազդեցություն կունենա փոքր բիզնեսի և ծառայությունների վրա։

Մակարյանը հավելել է, որ  ՊԵԿ-ի մաքսային բաժնից կարելի էր տեղեկանալ, թե Իրանից և Չինաստանից մատակարարումները հատկապես որ տարածաշրջանից են կատարվում, արդյոք դրանք կորոնավիրուսի համար կրիտիկական շրջաններ են, թե ոչ.

«Կառավարությունը որոշակի կանխարգելիչ քայլեր պետք է կատարի, ինչը, ցավոք, դեռևս նկատելի չի։ Եթե այդպիսին էր, դրանք շատ արագ պետք է դադարեցվեին, մյուս կողմից էլ, պետությունը կարող է օգնել, որ դադարեցվող պայմանագրերը ֆինանսական հետևանքներ չունենան, քանի որ մենք գտնվում ենք ֆորսմաժորային իրավիճակում»։