Արցախում քարոզարշավի ընթացքում գրանցվել է հանցագործություն պարունակող 7 հրապարակում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News    

.

Արցախի Հանրապետության դատախազությունը տեղեկացնում է, որ ս.թ. մարտի 31-ին նախատեսված ԱՀ համապետական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում, ընտրության և դրան հաջորդող օրերին զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկում անցկացնելու, հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ հրապարակումները, ընտրական գործընթացներին ներգրավված սուբյեկտների դիմումները, հաղորդումներն ու ահազանգերը գրանցելու, հաշվառելու և հնարավոր սեղմ ժամկետում դրանց քննարկումը կազմակերպելու նպատակով, ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը ս.թ. փետրվարի 26-ից մինչև մարտի 12-ը ընկած ժամանակահատվածում գրանցել և ընթացքավորման համար համապատասխան հետաքննության ու նախաքննության մարմիններին է ուղարկել առերևույթ հանցագործության հատկանիշների վերաբերյալ տեղեկատվություն պարունակող 7 հրապարակում, որից 6-ը գտնվում է քննարկման փուլում, իսկ 1-ում նշված՝ ենթադրյալ հանցագործության վերաբերյալ տեղեկատվությունը ստուգմամբ հերքվել է:

Ֆիզիկական անձանց կողմից ներկայացվել է 3 դիմում, որից 2-ի շուրջ նախապատրաստված նյութերն ուղարկվել են տարածքային ընտրական հանձնաժողովներ ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ վարչական վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար, իսկ 1-ը գտնվում է ստուգման փուլում:

ԱՀ մի շարք համայնքներում քարոզչական պաստառներ փակցնելու՝ ԱՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգի խախտումների վերաբերյալ դատախազության թեժ գծի կարճ՝ 99-01 հեռախոսահամարին, քաղաքացու կողմից կատարված ահազանգի վերաբերյալ արձանագրությունն ուղարկվել է համապատասխան համայնքների ղեկավարներին և կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ ահազանգում հնչեցված խնդիրը ուսումնասիրելու և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար: