Կորոնավիրուսի պատճառով Վրաստանը հնարավոր է արգելի հարսանիքների, հոգեհացերի անցկացումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

վրաստան

Կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու նպատակով Վրաստանում հնարավոր է արգելվեն բազմամարդ հարսանիքներն ու հոգեհանգստյան արարողությունները: Այս մասին տեղեկացնում է «Ալիք Մեդիան»։

Հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնի խորհրդատվությամբ՝ Վրաստանում շարունակում են սահմանափակումներ մտցնել ու նվազագույնի հասցնել մարդկանց շփումները: Կենտրոնի ղեկավար Պաատա Իմնաձեն հաստատել է այս տեղեկատվությունն ու նշել, որ չեն բացառվում նաև այլ արգելքներ, որին ևս հասարակությունը պետք է պատրաստ լինի: Այս պահին ամեն ինչ կախված է վարակի տարածման ինտենսիվությունից:

Իմնաձեն ասում է՝ չենք ուզում, որ Վրաստանն էլ հայտնվի այն իրավիճակում, որում այսօր մի շարք եվրոպական երկրներ են:

Այս պահին, հիշեցնենք, Վրաստանում վարակակիրների թիվը 24 է, 2-ը վարակը բերել են Իրանից, ինչից հետո նշված երկրի հետ հաղորդակցությունն արգելվել է՝ այդ թվում նաև երրրորդ երկրի միջոցով Իրան մեկնելու հնարավորությունը:

Մնացած հիվանդները կամ Իտալիայում վարակվածներն են, կամ նրանցից վարակվածները: Եվս մեկը վարակվել է Իսպանիայում, սակայն Իտալիայում գտնվածների հետ շփման արդյունքում:

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ 41 մարդ է, նրանց վիճակը հիմնականում կայուն է: Ավելի քան 1000 մարդ տնային պայմաններում գտնվում է ինքնամեկուսացման մեջ:

Այս պահին փակ է ավիահաղորդակցությունը Իրանի, Չինաստանի և Իտալիայի հետ, այսօր արդեն հաղորդվել է, որ Ֆրանսիայից, Գերմանիայից, Ավստրիայից և Իսպանիայից վերադարձած քաղաքացիները 2 շաբաթ տևողությամբ կարանտինում կմնան, կամ կներկայացնեն կորոնավիրուսով վարակված չլինելու մասին տեղեկանք: