Դավիթ Տոնոյանը մերժել է Մարուքյանի՝ համաներման մասին առաջարկությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

մարուքյան

«Այս պահին հետախուզման մեջ են 27 տարին լրացած (ոչ զինապարտ) արական սեռի 3647 քաղաքացի, ում նկատմամբ նշյալ օրենքը չի գործելու և, հետևաբար, նրանք, վերադառնալով հայրենիք, ենթարկվելու են քրեական պատասխանատվության»։ Ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը անդրադարձել է մեկ ամիս առաջ ՀՀ վարչապետին ուղարկված իր առաջարկությանը։ Գրության մեջ Մարուքյանն առաջարկում էր ընդունել համաներման մասին օրենք 27 տարին լրացած այն անձանց համար, ում մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի (ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը) 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հանցագործությունը։

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության ժամկետն ավարտվել է 2019թ. դեկտեմբերի 31-ին և չի երկարաձգվել։ Ըստ այդմ՝ այս պահին հետախուզման մեջ են 27 տարին լրացած (ոչ զինապարտ) արական սեռի 3647 քաղաքացի, ում նկատմամբ նշյալ օրենքը չի գործելու և, հետևաբար, նրանք, վերադառնալով հայրենիք, ենթարկվելու են քրեական պատասխանատվության»։ 

Մարուքյանը նշում է, որ նրանցից ոչ ոք չի ցանկանա վերադառնալ հայրենիք՝ առնվազն մինչև քրեական օրենսգրքով սահմանված վաղեմության ժամկետի լրանալը։ Նա նաև նկատում է, որ այս քայլով կխորանա դեմոգրաֆիայի խնդիրը․ «Այդ քաղաքացիները կարող են վերադառնալ ու դառնալ պահեստազորի զինվոր, կազմել ընտանիք, ունենալ զավակներ, աշխատել այստեղ և ներդրում ունենալ հայրենիքի շենացման գործում»։

Հարկ է նաև նշել, որ վերջին համաներման շրջանակը տարածվել է անգամ առանձնապես ծանր որոշ հանցագործությունների վրա, մինչդեռ ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը (327-րդ հոդվածի միայն 1-ին և 2-րդ մասերը) միջին ծանրության հանցագործություն է։

«Քիչ առաջ ինձ է փոխանցվել ՀՀ կառավարության պատասխանը` ստացված պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից, որով մերժվել է նշյալ առաջարկությունը»,- նշել է պատգամավորը՝ ուղիղ եթերում: