Մուկուչյանը ԱԺ-ում է. դռնփակ նիստ է անցկացվում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

Տիգրան Մուկուչյան

Ազգային ժողովում այս պահին դռնփակ նիստ է ընթանում: Այստեղ է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: 24News-ի տեղեկություններով՝ ԿԸՀ նախագահն այստեղ է հրավիրվել Ընտրական օերնսգրքի փոփոխությունների համար ձևավորված աշխատանքային խմբի հրավերով:

«Քննարկումը որևէ կապ չունի առաջիկա հանրաքվեի հետ: Քննարկվում են Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ կապված որոշակի հարցեր, մասնավորապես՝ համեմատաբար փոքր համայնքներում նույնպես համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնելու հարցը»,- տեղեկացրեց 24News-ի զրուցակիցը:

Նշենք, որ ըստ առաջարկվող փոփոխության՝ բացի Երևան, Վանաձոր ու Գյումրի քաղաքները, համամասնական ընտրություններ կանցկացվեն նաև այն համայնքներում, որոնք 4000-ից ավելի ընտրողներ ունեն:

Բացի աշխատանքային խմբի ներկայացուցիչ-պատգամավորները և կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը քննարկմանը ներկա են նաև հասարակական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք, կարելի է ասել, մտահոգված են ՏԻՄ ընտրություններում վերոնշյալ դրույթի մասով փոփոխություն մտցնելու հարցով: «ՀԿ-ները դեմ են, որ ընտրություններին բացառապես կուսակցությունները ներկայացաված լինեն: Ասում են՝ այնպես լինի, որ ՀԿ-ները նույնպես, որպես միավոր, կարողանան մասնակցել ընտրությւուններին: Ասել է թե՝ կուսակցությունների նման իրենք էլ ցուցակ ներկայացնելու հնարավորություն ունենան»,- նշեց մեր զրուցակիցը:

«Իսկ այս հարցում ի՞նչ դիրքորոշում ունի ԿԸՀ նախագահ Մուկուչյանը,- հարցրինք,- Եվ ինչո՞ւ է նիստը դռնփակ»: Ի պատասխան՝ 24News-ի աղբյուրն արձագանքեց. «Խիստ տրամաբանական է նրա մոտեցումը, ՀԿ-ների առաջարկին կողմ չէ: Ինչ վերաբերում է քննարկման դռնփակ լինելուն, ապա գուցե այն պատճառով, որ մասնակիցները կաշկանդված չլինեն»:

Վրույր Սևակ