Թուրքիայի նախագահին ուղղված վիրավորանքն ուղղված է մեզ բոլորիս.թուրք պաշտոնյա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

.

Թուրքիայում շարունակվում է բուռն կերպով քննարկվել մարտի 5-ին Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումից առաջ ՌՍ նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին միջանցքում սպասեցնելու թեման, գրում է ermenihaber-ը:

Այս տեսարանը ցուցադրող տեսանյութը հայտնվել է ռուսական մեդիայում, ապա արագորեն տարածվել սոցցանցերի թուրքական տիրույթում՝ առաջացնելով բուռն քննարկումներ:

Այսօր թեմային անդրադարձել է նաև Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) խորհրդարանական դաշնակիցը հանդիսացող Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) ղեկավար Դևլեթ Բահչելին:

Թուրքիայի «գլխավոր ազգայնականը» հայտարարել է, որ Թուրքիայի նախագահին ուղղված վիրավորանքն ուղղված է նաև իրենց բոլորին և ավելացրել. «Եթե Ռուսաստանի ղեկավարությունը դիտավորյալ է դա տեսագրել և ուղարկել է ցուցադրման, ապա դա անամոթություն է, անդաստիարակություն, ստորություն»:

Հիշեցնենք, որ ռուսական հեռուստաընկերությունների ցուցադրած տեսանյությում երևում է, թե ինչպես է Էրդողանի գլխավորած պատվիրակությունը ավելի քան 2 րոպե ոտքի վրա սպասում, մինչև նրանց ասում են, որ Պուտինը պատրաստ է ընդունելու Էրդողանին: