Արարատ Միրզոյանն ու Մայա Գոյկովիչը անդրադարձել են Կոսովոյի և ԼՂ հակամարտություններին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

միրզոյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Սերբիա մարտի 9-11-ն ընթացող պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Սերբիայի Ազգային ժողովի խոսնակ Մայա Գոյկովիչի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից։ Ողջունելով իր հայ գործընկերոջ գլխավորած պատվիրակությանը՝ Սերբիայի խորհրդարանում՝ Մայա Գոյկովիչը նշել է, որ սա արդեն երկրորդ հանդիպումն է Միջխորհրդարանական միության նիստի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումից հետո: Սերբիայի օրենսդիր մարմնի ղեկավարը նաև հիշատակել է երկու ժողովուրդները պատմական ջերմ կապերը։

Մայա Գոյկովիչը հիշատակել է 1988 թվականին Սպիտակի երկրաշարժը, երբ սերբ ժողովուրդը Հայաստանին աջակցություն էր ցուցաբերում, որի փոխադրման ժամանակ ավիավթարի զոհ դարձան սերբ օդաչուները: Նա նաև հիշատակել է, որ Հայաստանն առաջիններից էր, որ մարդասիրական օգնություն ցուցաբերեց տարիներ առաջ Սերբիայում տեղի ունեցած տարերային ջրհեղեղից տուժածներին:

Հայաստանի Ազգային ժողովի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար և նույնպես վերահաստատել երկու ժողովուրդների միջև առկա բարեկամական կապերը։ Նա նշել է, որ այդտեղ իր դերն է խաղում նաև Սերբիայում հայկական համայնքը։ Արարատ Միրզոյանը նշել է, որ երկու երկրների միջև առկա է քաղաքական և տնտեսական համագործակցության հսկայական ներուժ, և այն վստահաբար համատեղ ուժերով պիտի կյանքի կոչվի: Նշել է, որ հատկանշական է համարում նաև երկու երկրների միջև վիզաների չեղարկման գործընթացը:

Կողմերը  քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների խորացման հեռանկարները, հնարավոր տնտեսական համագործակցությունը, երկու խորհրդարանների առավել ինտենսիվ փոխգործակցությունը թե՛ երկկողմ մակարդակում բարեկամական խմբերի և մշտական հանձնաժողովների միջև, թե՛ բազմակողմ հարթակներում:

Երկու երկրների խորհրդարանների ղեկավարներն անդրադարձել են նաև Կոսովոյի և Լեռնային Ղարաբաղի հակամարտություններին։ Համաձայնել են, որ չնայած դրանց միջև առկա տարբերություններին՝ խաղաղ բանակցությունները չունեն որևէ այլընտրանք և պայմանավորվածություն են ձեռք բերել՝ առնվազն չվնասել միմյանց շահերին միջազգային հարթակներում:

Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանը և Մայա Գոյկովիչը ստորագրել են երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության հուշագիր և հանդես եկել մամուլի համար հայտարարություններով: