«Խաղաղության ակունք»-ից հետո Գերմանիան չի դադարել Թուրքիային զենք մատակարարել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

գֆ

2019թ․ Գերմանիայից Թուրքիա կատարված զենքի վաճառքի ծավալները նախորդ տարվա համեմատ  կրկնապատկվել են։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Մասնավորապես, հայտնի է դարձել, որ 2019թ․ Գերմանիան արտոնել է 31 մլն 600․000 եվրո ընդհանուր արժողությամբ զենք ու զինամթերքի արտահանումը Թուրքիա։ 2018թ․ ընթացքում Գերմանիայի կառավարությունը թույլատրել էր Թուրքիայի հետ կնքված 12 մլն 900․000 եվրո արժողությամբ 58 զենքի առքուվաճառքի գործարքի իրականացումը։

2019թ․ հոկտեմբերին Սիրիայում Թուրքիայի ձեռնարկած «Խաղաղության ակունք» ռազմագործողությունից հետո Գերմանիան որոշում էր կայացրել դադարեցնել Թուրքիային զենքի մատակարարումը՝ Սիրիայում դրանց կիրառումը կանխելու նպատակով։ Իսկ Թուրքիայի նշյալ գործողությունները Գերմանիայի կառավարության կողմից որակվել էին որպես միջազգային իրավունքի նորմերի խախտում։

Այնինչ, ինչպես հայտնի է դարձել «Ձախերի» կուսակցության կողմից Գերմանիայի արտգործնախարարությանն ուղղված հարցմանը տրված պատասխանից, այդ ռազմագործողության մեկնարկից հետո Թուրքիային զենքի մատակարարումը զգալիորեն սահմանափակվել է, բայց լիովին չի դադարեցվել։ 2019թ․ վերջին եռամսյակում երկու երկրների միջև ընդհանուր առմամբ 3 մլն 100․000 եվրո արժողությամբ 5 առքուվաճառքի գործարք է արտոնվել։

Բունդեսթագի թուրք պատգամավոր, «Ձախերի» կուսակցության ներկայացուցիչ Սևիմ Դաղդելենը անպատասխանատվություն է որակել այն հանգամանքը, որ չնայած վերոնշյալ որոշմանը՝ Թուրքիային զենքի մատակարարումը գործարքները շարունակում են արտոնվել գերմանական կառավարության կողմից։ Պատգամավորը պահանջել է լիովին դադարեցնել Թուրքիային զենք-զինամթերքի վաճառքը, իսկ դաշնային կառավարության՝ զենքի վաճառքի ոլորտում վարած քաղաքականությունը սարսափելի է համարել ողջ տարածաշրջանի համար։