Երևանում մեծաթիվ ծննդօգնությամբ կազմակերպություններում երեխայի ծնունդը կգրանցվի տեղում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News 

ծնունդ

Մեկնարկեցինք մի ծրագիր, որն ուղղված է հանրային ծառայությունները մեր բնակչությանն առավել հասանելի դարձնելուն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ 

«Այսուհետ, Երևան քաղաքում ամենամեծ թվով ծննդօգնություն իրականացնող կազմակերպություններում երեխաների ծնունդները կգրանցվեն տեղում և կկատարվեն դրանից բխող օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ:
Ծրագրի առաջին փուլին միացած բժշկական կազմակերպություններն են՝ Էրեբունի բժշկական կենտրոնը (ծննդատուն), Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը ու Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը:

Նշված բժշկական կազմակերպություններում այդ նպատակով հատուկ հատկացված վայրերում կատարվելու են հետևյալ պետական գրանցումները՝
Երեխայի ծննդի պետական գրանցում.

Երեխայի նկատմամբ հայրության ճանաչման պետական գրանցում.
Ամուսնության պետական գրանցում:
Այսօր Էրեբունի բժշկական կենտրոնում այս ծրագրի շրջանակում առաջին ծննդյան վկայականը անձամբ հանձնեցի փոքրիկ Մերիի մայրիկին՝ Անիին:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով Առողջապահության նախարարության աջակցությամբ մեկնարկած
այս ծրագիրը կրելու է շարունակական բնույթ և փուլ առ փուլ կտարածվի Հանրապետության տարածքում ծննդօգնություն տրամադրող բոլոր բժշկական կազմակերպություններում:
Եվս մեկ անգամ ջերմորեն շնորհավորում եմ մեր սիրելի կանանց Մարտի 8-ի կապակցությամբ և մաղթում եմ առողջություն, երջանկություն ու հաջողություն»։