«Հրազդան» ՔԿՀ-ի աշխատակցի աչալրջության շնորհիվ կանխվել է թմրամիջոցներով փաթեթի փոխանցումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

թմրանյութ

ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներից մեկը մարտի 6-ին՝ ժամը 21:30-ի սահմանում, շրջայց կատարելիս նկատել է, որ արգելապատի դրսի կողմից անհայտ անձինք պարանով ներնետել են կասկածելի փաթեթ և փորձել են իջեցնել հիմնարկի տարածք: Այդ մասին հայտնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը։

Քրեակատարողական ծառայողը, ձեռնարկելով համապատասխան գործողություններ, անմիջապես կանխել է փոխանցումը:

Զննությամբ փաթեթում հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, մոտ 54 գրամ քաշով դեղնականաչավուն և 1 գրամ քաշով բյուրեղանման, սպիտակ զանգվածներ՝ առանձնացված 16 տարբեր փաթեթներում:

Դեպքի փաստով նախապատրաստվում են նյութեր, հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության: