Փաշինյանն է միակ «նյուզմեյքերը» և խոսնակը, նա չի ուզում, որ թիմակիցներն ամբիցիաներ ունենան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

քաղաքական

Քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ, քաղաքագետ Վիգեն Հակոբյանն այն տեսակետին է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճանաչելիության առումով խնդիր չունի, բայց 24 ժամից 20-ը եթերում միայն իրեն ենք տեսնում։ 24News-ի հետ զրույցում քաղաքագետը նշեց՝ Փաշինյանը չի թողնում ու չի ուզում, որ իրեն մոռանանք, դրա համար էլ էկրաններից չի «իջնում»։

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին Փաշինյանի մասնակցությունը քաղտեխնոլոգը պատահական չի համարում։ Մանրամասնում է՝ իշխանությունը մտավախություն ունի, որ կարող է չհաղթահարել նվազագույն շեմը, դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ Փաշինյանն ու իր թիմակիցները նախընտրել են «դռնեդուռ» տեխնոլոգիան։

«Հանրաքվեի արդյունքը կանխատեսելի չէ, ավելին՝ ռիսկային է, դրա համար էլ ընտրվել է «դռնեդուռ» տեխնոլոգիան, որը կիրառվել է դեռևս 1990-ականներից։ Հիշենք՝ օրինակ, «Ելք» դաշինքի ժամանակ առաջնորդվում էին «կտուր առ կտուր» կամ «բակ առ բակ» գործելաոճով։ Նրանք, առաջին հերթին, խնդիր ունեն մարդկանց համոզել մասնակցել հանրաքվեին, ընտրատեղամաս գնալ, ապա նոր միայն «այո»-ին կողմ արտահայտվել»,- նշում է մեր զրուցակիցը։

Հակոբյանը պնդում է՝ իշխող թիմը չունի «նյուզմեյքերներ», խոսնակներ, որ հասարակական ընկալում կունենան ու կկարողանան «կապի դուրս գալ» հասարակության այս կամ այն հատվածի հետ։ Միակ «նյուզմեյքերը» մինչև այսօր Փաշինյանն է, բայց դա թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ պատճառներ ունի։

«Փաշինյանը գուցե հենց ինքն է ուզում, որ միակ «նյուզմեյքերը» ինքը լինի։ Ինչո՞ւ, որ բավական խայտաբղետ, հեղափոխական տրամաբանությամբ ձևավորված քաղաքական թիմը, որին միմիայն պայմանականորեն կարելի է միասնական համարել, ամբիցիաներ չունենա, ու բոլորը՝ պատգամավորները, նախարարներն, իրենց առաջխաղացմամբ, կարիերայով, կյանքի որակի բարձրացմամբ Փաշինյանին պարտական լինեն։ Մյուս կողմից սակայն՝ վարչապետը, ինչ-որ պահից սկսած, սկսել է հասկանալ, որ բավական ծանր բեռ է ուսերին առել ու միշտ չէ, որ կարող է հասցնել այդ տեմպի մեջ։ Իսկ ցեյտնոտի (ժամանակի պակաս) դեպքում, երբ ստիպված ես միաժամանակ մի քանի գործ անել, սխալվելու հավականությունը բավական մեծ է։ Ինձ կարո՞ղ եք ասել, թե ովքե՞ր են Փաշինյանի թիմի 2-րդ, 3-րդ դեմքերը, որ 5 րոպե խոսելուց հետո որևէ կիքս կամ «լյապ» չեն անի» ու չեն դիմի Փաշինյանի օգնությանը, թե «արի մաքրի, խմբագրի մեր ասածները»,- մանրամասնում է քաղաքագետը։

Նրա համոզմամբ՝ Փաշինյանն արագորեն մսխում է վստահության ռեսուրսը, քանի որ աշխատող համակարգ չկա, որ անկախ Փաշինյանի «լայվ» մտնել-չմտնելու հանգամանքից, անխափան կաշխատի։ Պետական ամբողջ համակարգը, հավելում է Հակոբյանը, չի կարող կախված լինել մեկ մարդու աշխատունակությունից, էֆեկտիվությունից ու, առավել ևս, տրամաբանությունից։ Պարզ է, որ սա շատ վտանգավոր ու անարդյունավետ պարկտիկա է։

24News-ի դիտարկման հետ, թե տարակուսելի չէ, երբ հեղափոխությունից մոտ երկու տարի անց իշխանության ներսում այլ լիդերներ ու դեմքեր գրեթե չկան, որոնց խոսքն ընդունելի կլինի մարդկանց համար, քաղտեխնոլոգը համակարծիք է։ «Այո, երկու տարում քաղաքական, պետական դեմքեր «չեն ձևավորվել», որ կկարողանան թեկուզև մեկ խնդիր ամբողջությամբ իրենց ուսերին առնել։ Դա հասկանում է նաև վարչապետ Փաշինյանն, ու համակարգ չլինելու համար մեղավորներ է ման գալիս։ Մեղադրում նախկիններին, ասում՝ հենց նրանք են սաբոտաժ անում։ Պետական ապարատի դիմադրություն ցույց տալուն հղում անում և այլն։ Կառավարության ներսի խնդիրները Փաշինյանը տեսնում է, բայց փոխանակ սեփական թիմի գործելաոճը քննի ու եզրահանգումներ անի՝ պատճառներն այլ տեղ է փնտրում։ Չեմ բացառում, որ հանրաքվեի արդյունքից կապված, որն, ի դեպ, ոչ միայն «այո» ու «ոչ» է, այլ վստահության քվե, Նիկոլ Փաշինյանը սեփական թիմի կամ իշխանական բուրգի հանդեպ մոտեցումները կարող է վերանայել։ Հաշվի առնելով կառավարման համակարգի կենսունակությունը, քաղաքական թիմի արդյունավետության աստիճանը՝ գուցեև փորձի պետական ապարատում նոր ուժեր ներգրավել»,- մանրամասնում է Վիգեն Հակոբյանը։

Քաղաքագետը գրեթե անհավանական է համարում, որ Երևանի մետրոպոլիտենում երեկ՝ մարտի  6-ին, գրանված միջադեպը, երբ աղջիկը Փաշինյանի մեկնած բուկլետը պատռել ու վարչապետի վրա էր շպրտել, կարող էր իշխանության կազմակերպած «բեմադրությունը» լինել։ Քաղաքագետը բացատրում է՝ ցանկացած տեխնոլոգիայի արդյունքը պետք է կանխատեսելի լինի, ռիսկերը՝ հաշվարկելի, իսկ կոնկրետ այդ դեպքի ռիսկերը կանխատեսելի չէին։

«Ասածի վկայությունը ծավալվող բուռն դիսկուրսն է։ Հստակ է, չէ՞, որ միջադեպի մասին մարդկանց վերաբերմունքը միանշանակ չէ։ Այդ աղջիկը հասարակության մոտ իշխող մթնոլորտի արտացոլումն է․ նա ատելությանն ատելությամբ, «դուխով» գլխարկին «դուխով» պահվածքով պատասխանում։ Նա միֆեր է ջարդում, որ այս երկրում այնպես չի, թե ուժը միայն մի կողմում է»,- շեշտում է քաղաքական տեխնոլոգիաների մասնագետը։

Վրույր Սևակ