Վազգենը՝ ինքնիշխանության երթի առաջնորդը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

1

«Մենք քեզ հետ մեկտեղ, նույն արյունն ունենք, դու ու ես»։

Գարնան հինգերորդ օրը

 

«Այս երկիրը անտրամաբանական սիրո և անտրամաբանական ատելության երկիր է»։

Վազգեն Սարգսյան

 

«Կարճ՝ Վազգենը իշխանական, հրամանատարական կոփվածքի ու լիցքերի մարդ էր, և ես կարող էի նրա գնդի զինվորը լինել միայն, նրա աշխարհի օրինապահ բնակիչը, իմ ճակատագրի ընթերցումը նրան թողնել և ամենքի մեջ ու ամենքի հետ վստահ լինել, որ նրա հայացքի ուղղությունը լույսի և հույսի շավիղ է դառնում և նրա դրած քայլը՝ ճանապարհի սկիզբ, նրա պարզած ձեռքը թշնամուն բարեկամ է անում և սև ամայությանը նետված նրա հայացքը բարեկամների բազմություններ է հառնեցնում։

Նա այդ էր, նա սպարապետ էր»։

2001 թ. մարտի 5-ին, արդեն առանց Վազգենի, այսպես բնորոշեց Վազգենին Հրանտը (Մաթևոսյան):

Պետությունը սնվում է պատմության կերակուրներով, որը պատրաստում ու թողնում են այն անհատները, որոնց երկրային առաջնորդությունը և ժառանգությունը մետեորի տեսք ու ազդեցություն ունեն: Երջանիկ են այն ազգերը, որոնք մեծերին արժևորելու ունակություն և անդադար հետևելու հատկություն ունեն:

Վազգեն Սարգսյանն այն մեծությունն է, որի տասնմեկամյա (1988-1999թ.թ) քաղաքական, պետական գործունեությունը թողեց անջնջելի հետք և հսկայական ժառանգություն` շաղախված 1988 թ. Շարժման արժեքներով և վազգենականության գաղափարներով: Այսօրվա իր հայտնիությունը կարիք ունի պատմագիտական և քաղաքագիտական ամրագրման ու պետականության կողմից շարունակման:

Այդին Մորիկյանի բանաձևմամբ Վազգենը հայոց տան երդիկը պահող սյունն էր (Լևոնը տան հիմնադիրը, Վանոն` պատը, Դեմիրճյանն էլ տան անչար մեծը, «Ծառա` եղար: Տեր` չհասցրիր..․», 1999թ):

1

Վազգեն Սարգսյանը այն հանգրվանն է, որտեղ կանգնել է հայոց ինքիշխանության ընթացքը և այն նավահանգիստը, որտեղից պիտի վերսկսվի մեր երթը: Այսինքն՝ Վազգենը մեր ուժեղ ու անկախ հաղթաերթի առաջնորդն է: Այլը տրված չէ, հակառակը իմիտացիա է: Մենք պետք է գիտակցենք, որ հայոց կտուրը վերջնականապես փլուզումից փրկելու համար պահող սյունը պիտի Վազգենի կերպարով ստեղծենք: Ուրիշ բաների փորձ եղել է, չի ստացվել: Ստացվել է կա՛մ անկուշտ փողամոլություն, կա՛մ անհագուրդ պոպուլիզմ: Երկուսն էլ անարժեք ու անապագա: Նորից հղում անենք Մաթևոսյանին,  հետևենք Մեծի ասածին. «Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ ես ինձ կդնեմ այս երկրի յուրաքանչյուր իշխանավորի ենթակայության տակ, եթե այդ ենթակայությունը կառաջացնի միություն ու պատկառանք մեր նկատմամբ՝ ուրիշ ժողովուրդների ու ցեղերի մեջ: Վազգեն Սարգսյանն այդ ճանապարհին էր և այդ պատճառով առաջ գնալ չթողեցին» («Ինքդ պիտի որոշես՝ Իշխա՞նն ես, թե՞ Ավետիքը», 2001 թ.):

Հիմա մերը չթողնելուց հուշտ լինելը մի կողմ թողնելն է, մերը մեր պայքարը գոնե մեկ անգամ մինչև վերջ տալն է` Հաղթակամարը վազքով բարձրանալն ու մնալը բարձունքում: Սրա համար իշխանությունը Վազգեն Սարգսյանին որդեգիր պիտի դառնա, իրեն Շարժմանը ժառանգորդ հռչակի, կեղծ ու փուչ լուզունգներից (նոր Հայաստան, բան-ման) հրաժարվի, որովհետև հայկականության ինքինշխան, ուժեղ ու կենտրոնաձիգ պետականության գաղափարաբանությունը Շարժումն է, իսկ խարիսխը` Վազգենը:

Նա միշտ եղել է առաջին դեմք՝ անկախ զբաղեցրած պաշտոններից, քանզի զբաղեցրած դիրքը զբաղեցնողի անհատականությամբ է որոշվում:

Իր ժամանակի խորհրդանիշ Վազգեն Սարգսյանը ֆենոմենալ ընկալողականությամբ ու տիտանական կամքի կենտրոնացմամբ կարողացավ հասնել հաղթանակի հաստատմանը, բանակի ստեծմանը և կայացմանն ու մտավ իր և մեզ համար ամենահետաքրքիր փուլը` վարչապետությունը, որտեղ թռիչքի պահին դավադիր կրակոցը կասեցրեց վերջնական հաղթանակին սլացող ընթացքը: Կանգնեց Վազգեն Սարգսյանի ժամանակը, կանգ առավ պետության ժամացույցը: Դրանից հետո սկսվեց հալածիչ ու հյուծիչ ժամանակը հիմա էլ շարունակվում է դատարկաբանությունը:

1

Պետք է դարձ ի շրջանս յուր կատարել: Համաշխարհային նյարդի գերլարվածության այս փուլում, միջազգային մեծ խաղի այս հատվածում կուլ չգնալու, ոտնատակ չընկնելու համար մեզ Վազգեն Սարգսյանի երկու գլխադասային նպատակներն է անհրաժեշտ կիրառել` հզորացնել մեր համաշխարհային դիմադրողականությունը և ամրապնդել համազգային միասնությունը:

Ոտքի կանգնելու համար ուժ է պետք, կանգելուց հետո շտկվել է պետք, դրանից հետո` քայլել` գլուխը բարձր ու անկանգառ: Այս ամենի կյանքի կոչումը Վազգենով է պետք սկսել: Նա այն եզակին է, ով գտնվում XXI դարում` մի ժամանակում, որը նրա առաջնորդությամբ մերը պիտի լիներ, մյուսները դեռ հետ են` XX դարում: Տիրոջ կամքով, 1988 թվականից սկսած, անհնարինը հնարավոր դարձավ, որի մեջ Վազգենի դերը հսկայածավալ է, հետո մեր անհնազանդ անարժանության պատճառով  ուժեղները և լավագույնները մեզանից վերցվեցին․ մնաց հաղթանակի և հաջողության փաստը:

Եվ հիմա նախկին ու ներկայի, այս անգաղափար, անթմբուկ ու գոտկատեղից ցածր խլրտոցում ավելի քան կարիք ունենք Մեծ Հավասարակշռողի ասպարեզ մտնելուն, առյուծի՝ անտառ վերադառնալուն, ով կգա ու Տիրոջ պես կնստի Հայոց տան մեջ` իր անելիքը հստակ իմանալով, անելու ճանապարհին անկասկած լինելով: Կգա Վազգենի տեսքով ու նմանությամբ, քանի որ հայոց պետականության հաղթական գարունը գարնանը ծնված Վազգենով է մարմնավորվում և նրա՝ ավելի քան բացակա ներկայությունը սա է հուշում:

 

P․ S. «…Հա, մեկ էլ ասեմ, որ ամենից շատ սիրում եմ դաշտային ծաղիկներ, էդ պաշտոնական ծաղիկները սրտովս չեն, դաշտի ծաղիկը հոտ ունի, գույն ունի, դեմք ունի ու քեզ ասում է, որ ինքը կա, դու լինես-չլինես, ինքը կա, ու Աստված կա»:

Վարչապետ Վազգեն Սարգսյան, 1999թ., Օգոստոսի 15

 

Լուսանկարները Սարգսյանների ընտանեկան արխիվից

 

Ռուբեն Վարդանյան

պատմաբան, հրապարակախոս

Տեսանյութեր

Live

Լրահոս