1-ին ընթերցմամբ ընդունվեց ձերբակալված անձանց պահելու օրենքում լրացումների նախագիծը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

ՁՊՎ

Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել է Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը:

Նախագիծն ընդունվել է 70 կողմ, 21 դեմ և 22 ձեռնպահ ձայնով։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի ներկայացրած նախագիծն առաջարկում է՝ պահման վայրեր այցելելու հնարավորությունը նշելուց բացի, հստակ նշել տեսակցելու հնարավորությունը, քանի որ իրավակիրառ պրակտիկայում պատգամավորները խնդիրների են հանդիպում. հիմնարկների ղեկավարությունը թույլ է տալիս մտնել հիմնարկ, սակայն չի թույլատրում շփվել` պատճառաբանելով, որ հոդվածում միայն մուտքի ու ելքի մասին է նշված:

Մինչ նախագծի քվեարկությունը՝ «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հանդես է եկել նախագիծը մերժելու կոչով, քանի որ ըստ գործող օրենսդրության՝ արգելք չկա, որ պատգամավորը հանդիպի կալանավորված և ձերբակալված անձանց, սակայն վերջինիս գործընկեր, իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ կողմ է քվեարկելու նախագծին:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ անձնապես իրեն բազմիցս արգելել են մուտք գործել քրեակատարողական հիմնարկներ: