Աննա Հակոբյանը ներկա է գտնվել հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների 100-ամյակին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

/

Մարտի 4-ին Հայկական «Հայկական Ոդիսական․ Նռան գույնը» փառատոնի շրջանակներում Վաշինգտոնի Ազգային տաճարում տեղի է ունեցել աննախադեպ մուլտիմեդիա-համերգ՝ նվիրված հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակին։ Համերգը կազմակերպել էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը`  PostClassical Ensemble-ի հետ համագործակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի պաշտոնական կայքը

Համերգի պատվավոր հյուրն է եղել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ներկա էին ԱՄՆ կոնգրեսի անդամներ, վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներ, Վաշինգտոնում հավատարմագրված դեսպաններ, եկեղեցական թեմերի առաջնորդներ, բարերարներ, ամերիկահայ կազմակերպությունների, կուսակցությունների և համայնքի ներկայացուցիչներ։

Համերգը մեկնարկել է «Դլե յամանով»՝ հռչակավոր դուդուկահար Ջիվան Գասպարյանի անզուգական կատարմամբ։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն իր բացման խոսքում առանձնահատուկ ընդգծել է միջոցառման անցկացման վայրի ընտրությունը, հիշատակելով, որ այնտեղ է ամփոփված ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի աճյունը: Դեսպանը նշել է, որ նախագահ Վիլսոնը սահմանել է քաղաքացիների իրավունքների առաջին օրինակները և ներկայացրել ազգերի ինքնորոշման և իրավահավասարության սկզբունքները: Պատահական չէ, որ նախագահ Վիլսոնի մարդասիրական գործունեությունը մեկ դար անց ուղի հարթեց Հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել ներկա կոնգրեսականներին և նրանց գործընկերներին, ովքեր քվեարկել են Համայնքների պալատում և Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևերի օգտին: «Սա հարգանքի տուրք էր ոչ միայն հայ նահատակների, այլ նաև բոլոր այն ամերիկացի գործիչների հիշատակի առջև, ովքեր ջանքեր են գործադրել Հայոց Ցեղասպանության ճանաչման համար»,- նշել է դեսպանը:

Մեկ դար անց հայ ժողովրդի երախտագիտության խորը զգացումն էր, որը ոգեշնչել է Ցեղասպանությունը վերապրածներին ստեղծել  «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը։ Վարուժան Ներսեսյանը հավելել է, որ «Ավրորա» մրցանակաբաշխության հիմնադիրներից Նուբար Աֆեյանը հանդիսանում է նաև Վաշինգտոնում անցկացվող Հայկական փառատոնի և համերգի համանախագահողներից և հովանավորներից մեկը:

Խոսելով թավշյա, ոչ բռնի հեղափոխության մասին, դեսպան Ներսեսյանը փաստել է, որ Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը նոր խթան հանդիսացավ հայ-ամերիկյան  հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը:

Այնուհետև խոսքը փոխանցվել է ԱՄՆ պետքարտուղարի՝ կրթության ու մշակույթի հարցերով տեղակալ Մարի Ռոյսին: Վերջինս իր ելույթում անդրադարձել է հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերություններին՝ նշելով, որ մշակույթն իր առանձնահատուկ դերն ունի այդ համատեքստում: Տիկին Ռոյսը կարևորել է նաև գիտական ու կրթական բնագավառներում առկա համագործակցության մակարդակը:

Նշվում է, ոև համերգի ընթացքում PostClassical Ensemble-ին նվագակցել են հանրահայտ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը: Երաժշտությունն ուղեկցվում էր սիրիահայ արվեստագետ Գևորգ Մուրադի` Սայաթ Նովային նվիրված մուլտիմեդիա նկարազարդումով: Հատուկ այս համերգի համար գրված երաժշտության հեղինակն է հայտնի կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը: