Դատարանը Սերժ Սարգսյանին թույլատրել է մեկնել Եվրոպա. ՀԺ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

սերժ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, Սերժ Սարգսյանին թույլատրել է աշխատանքային այցի շրջանակներում մեկնել Եվրոպա:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց նրա պաշտպան Ամրամ Մակինյանը՝ հավելելով, որ դատավարական շփումների ընթացքում Սարգսյանը պահպանում է օրենքով սահմանված պարտականությունների ամբողջ շրջանակը. «Մենք դիմել ենք վարույթն իրականացնող մարմնին, ստացել օրեքով սահմանված կարգով թույլտվություն աշխատանքային այցով Եվրոպա մեկնելու համար»:

Թե կոնկրետ քանի օրով է Սարգսյանը մեկնել, պաշտպանը չցանկացավ նշել՝ ասելով, որ դա իր լիազորություններից դուրս է, միայն տեղեկացրեց. «Պարոն Սարգսյանի գնալու և վերադառալու օրերը դատավորին հայտնի են»:

Նշենք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում ավելի վաղ տեղեկացրել էր Սերժ Սարգսյանի՝ Բրյուսել կատարած այցի մասին։ Նա հանդիպում է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ, Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Դոնալդ Տուսկի հետ:

Հիշեցնենք, որ Սարգսյանը մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Օրեր առաջ դատարանը մերժել էր նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված երկրից չհեռանալու մասին ստորագրությունը վերացնելու մասին պաշտպանի միջնորդությունը: