22-ամյա երիտասարդը թալանել է խանութը և հափշտակել վճարային տերմինալը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

Մարտի 4-ին, ժամը 5.15-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնեց, որ իր խանութից գողություն են արել։

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները Արարատ գյուղի խանութներից մեկում արձանագրեցին, որ ժամը 5-ի սահմաններում կոտրել էին խանութի ապակին, մտել ներս, դրամարկղից գողացել էին փող և հափշտակել խանութում տեղադրված վճարային տերմինալը։

Տարածքը զննելիս ոստիկանները խանութից ոչ հեռու հայտնաբերեցին հափշտակված վճարային տերմինալը։
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողներն անմիջապես ձեռնարկեցին ծավալուն միջոցառումներ՝ հանցագործությունը «տաք հետքերով» բացահայտելու ուղղությամբ։

Ժամեր անց ոստիկանների տեսադաշտում արդեն կային կասկածյալներ։ Ըստ իրավապահների կասկածների՝ հանցագործությունը հնարավոր է կատարած լինեին Արտաշատի և Նոր ուղի գյուղի բնակիչներ։

Ոստիկանները սկսեցին որոնողական, զուգահեռ՝ նաև բացատրական աշխատանք՝ կասկածյալներին հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքից ժամեր անց բացատրական աշխատանքը տվեց արդյունք։ Ոստիկանություն ներկայացավ Նոր ուղի գյուղի 22-ամյա մի բնակիչ և խոստովանեց կատարածը։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողության մեջ կասկածվող մյուս անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Վնասի չափը պարզվում է։
Նախապատրաստվում են նյութեր։