Արամ Վարդանյանի որդին բերման է ենթարկվել, եղբորորդին՝ ձերբակալվել. Լուսինե Սահակյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

լուսինե

«Արամ Վարդանյանի մտերիմներին բերման են ենթարկում առանց որևէ հիմնավորման»: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։

«Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի ու նրա հարազատների տներում կատարված գործողությունների արդյունքում բերման են ենթարկել Արամ Վարդանյանի որդուն և 2 քաղաքացու, 2 քաղաքացի էլ  ձերբակալվել է, որից մեկը Վարդանյանի եղբորորդին է, մյուսը՝ հարևանը»,- նշել է Սահակյանը:

Փաստաբանը հավելում է, որ Արամ Վարդանյանի շուրջ ծավալվող իրադարձությունների հետ կապված 50-ից ավելի բերման ենթարկելու դեպք են ունեցել․ հարազատ, բարեկամ հայտնվել են տեսադաշտում։ Նա այս դեպքերը կապել է վարչապետի՝ բոլորին ասֆալտին փռելու հայտարարության հետ․ «Մենք այդպես էլ չհասկանանք՝ ում էին ուզում ասֆալտին փռել, որովհետև այն անձինք, որոնք բերման էին ենթարկվում որևէ առնչություն չունեին քրեական ենթամշակույթի հետ»։

Լուսինե Սահակյանը նշել է, որ որ Արամ Վարդանյանի տան ոստիկանների խուզարկությունը առանց դատարանի թույլտվության էր. «Սա իրականում խուզարկություն էր, բայց պետք է լիներ դատարան թույլտվությունը, և այդ ամենը պետք է արվեր սեփականատիրոջ ներկայությամբ, ոչ թե սեփականատիրոջը բերման ենթարկեին»։

«Ոստիկանները կոտրել են ապակին, նույնիսկ չեն սպասել, որ անձինք դուռը բացեն։ Նրանք չեն ներկայացրել իրենց պահանջը։ Նրանց հայտնվելուց 15 րոպե հետո մենք եղել ենք այստեղ։ Մեր ներկայությամբ ոստիկանները կոտրում էին այս ամենը։ Երբ հարցնում էինք՝ ինչ նպատակով են նրանք հայտնվել այստեղ, արդյոք սանկցիա ունե՞ն, թե՞ ոչ, մեզ որևէ մեկը չի պատասխանել»,- ասաց նա։

Փաստաբան Սահակյանը հայտնեց, որ երեկվա գործողություններից տեսանկարահանում ունեն, որը հետագայում կտարածեն։