Փաշինյանի հանձարարականներն ուշ են կատարվում. Բաբայանն ու Աղաջանյանը նկատողություն ստացան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է իր հանձնարականներից մեկին: Խոսքը գերատեսչություններում տեղադրվող վճարումների, սուրճի ապարատների մասին է։

«Հանձնարարական էի տվել, որ այդ գործառույթները իրականացվեն մրցույթներով, այսինքն՝ ուղիղ որոշումներով նման հարցերը չկարգավորվեն, որպեսզի պետական գերատեսչության համար լավագույն պայմաններով արվի: Բայց ես տեղեկանում եմ, որ այդ հանձնարարականից հետո, կարծես թե, դեպք ենք ունեցել, երբ որոշում ենք կայացրել և ուղիղ գնում ենք կատարել այդ ծառայության, որքան ես հասկանում եմ, այդ ապարատները տեղադրելու համար պետությանը ոչ մի վճարում չի արվում: Ոչ ոքի վիճակ է, բայց ես կարծում եմ, որ տեխնիկական առաջադրանքներով պետք է փորձենք մրցույթ հայտարարել և վարձավճար վերցնենք, մի հատ տեսնենք՝ այդ տարբերակով հետարքրքվող կա՞, թե՞ չկա», - ասել է վարչապետը։

Փաշինյանը նաև հիշեցրել է, որ այս թեմայի շրջանակում առանձին-առանձին ուղղություններով հանձնարարականներ է տվել 2018-ի հուլիս-օգոստոսից, բայց այսօր տեղեկանում է, որ այդ հարցերը կարգավորված չեն։ Նիստի շրջանակում վարչապետն աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանից հետաքրքրվել է, թե ինչն է պատճառը: 

«Ձեր կողմից նշված խնդիրը արձանագրվել էր 1-2 ուժային մարմինում և նախկինում գոյություն ունեցող կարգավորումները կառավարության որոշմամբ հնարավորություն է տրվել այդ մարմիներին առանց մրցույթի ձեռք բերվի», - ի պատասխան՝ նկատել է Աղաջանյան:

Վարչապետը հակադարձել է, թե ինքը հանձնարարական է տալիս, ի՞նչ կապ ունի, թե կառավարության որոշմամբ ինչ կա:

«Կա որոշում, բերեք այդ որոշումը փոխեք, չեղյալ համարեք: Պարո՛ն Աղաջանյան, գիտեք, շատ մեծ պրոբլեմ է, երբ ես հանձնարարական եմ տալիս և դրանից 1 տարի հետո իմանում եմ, որ լիարժեք և ամբողջովին կատարված չէ, սա ի՞նչ է նշանակում», - հարցրել է Փաշինյանը, ապապ հավելել․ «Հիմա հրապարակային բոլորի ներկայությամբ ասում եմ, որ բոլոր այն գերատեսչություններում, որտեղ տեղադրված է սուրճի, վճարումների որևէ ապարատ, բոլոր այդ ծառայությունների համար հնարավորինս ամենակարճ ժամկետում հայտարարել մրցույթ, և դրա համար պետք է պետությանը վճարում կատարեն»։

Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը նկատել է, որ այդ գործառույթը իրենք են իրականացնում և աստիճանաբար փոխում են։

«Կներե՛ք, աստիճանաբար քանի՞ տարի կարող է տևել, կարող է տասը տարի տևի ձեր աստիճանաբարը: Մեկ տարի է՝ հանձնարականը տվել եմ, ասում եք աստիճանաբար փոխում ենք, աստիճանաբար մի փոխեք, միանգամից փոխեք», - հակադարձել է Փաշինյանը: