Ի՞նչ ազդեցություն կունենա ՀՀ տնտեսության վրա Իրանի հետ սահմանափակումները

 ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

Հայաստան-Իրան

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է Կառավարության որոշմանը՝ համաձայն որի Իրանի հետ հաղորդակցության ժամանակավոր սահմանափակումը երկարացվում է մինչև մարտի 24-ը, ինչը նաև տարածվելու է բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վրա: Իսկ իրանական ծագման միրգ և բանջարեղենի վերաարտահանումը ՌԴ Վրաստանի տարածքով անվտանգությունից ելնելով ժամանակավորապես վրացական կողմը դադարեցրել է:

 ՏԶՆԿ-ն մասնավորապես գրել է․ 

«ՀՀ արտահանման և ներուծման կտրվածքով նշենք, որ 2019թ.-ին Իրան-Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 408.8 մլն ԱՄՆ դոլար, ինչը 2018թ.-ի համեմատ 12.4% աճ է արձանագրել: Երկու երկրների միջև ապրանքների առևտրաշրջանառությունը 2019թ.-ին կազմել է Հայաստանի առևտրաշրջանառության ընդամենը 5%-ը: 2019թ.-ին Հայաստանը հիմնականում Իրան է արտահանել Էլեկտրաէներգիա (արտահանման ծավալների 75%) և ոչխարի կամ այծի թարմ միս (10%): Ներմուծման դեպքում՝ հիմնականում բնական և հեղուկ գազ (ներմուծման ծավալների 20%), նավթ և նավթամթերք (10%), ցեմենտ (8%): Մինչև 2020թ.-ի մարտի 24 բեռնափոխադրումների սահմանափակումը Հայաստանի տնտեսության վրա զգալի ազդեցություն չի ունենա, իսկ ուղևորափոխադրումների սահմանափակումը զբոսաշրջության ոլորտի միջոցով կազդի մեր տնտեսության մի շարք ոլորտների վրա՝ կացության և հանրային սննդի կազմկերպման վրա և այլն, ինչը կարող է դանդաղեցնել տնտեսական աճի տեմպը:

Ինչ վերաբերում է Վրաստանի տարածքով իրանական ծագման միրգ և բանջարեղենի տեղափոխման արգելանքին, ապա եթե այդ ապրանքները չվերաարտահանվեն Ռուսաստան, ապա իրացվելու են հայկական շուկայում՝ մրցակցություն առաջացնելով տեղական և իրանական ապրանքների միջև: Հայաստանի սպառողը ընտրության դեպքում կարող է ընտրել ավելի էժան ապրանք, ինչը կհանգեցնի գյուղաբնակ տնային տնտեսությունների եկամուտների կրճատմանը:

Այսպիսով՝ Իրանի հետ բեռնափոխադրման վրա սահմանափակումը Հայաստանի տնտեսության վրա զգալի ազդեցություն չի ունենա, ուղևորափոխադրումը՝ կդանդաղեցնի տնտեսական աճի տեմպը հատկապես 2020թ.-ի առաջին եռամսյակում, իսկ Վրաստանի տարածքով իրանական ծագման ապրանքների վրա արգելանքը՝ կհանգեցնի հայկական գյուղմթերքի շուկայում գների իջեցմանը և գյուղաբնակ տնային տնտեսությունների եկամուտների կրճատմանը»: