Մինչև ապրիլի 5–ը կարող են այսպիսի ևս 10 գործ գտնեն. Սեյրան Օհանյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News   

ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը չի ընդունում իրեն առաջադրված կասկածանքը: Այս մասին այսօր՝ մարտի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Օհանյանը։

Նա շեշտեց, որ իր հետ «Ձորա ՀԷԿ» ՓԲ-ի օտարման գործընթացը որևէ կապ չունի, այդ գործընթացն իրականացրել է Էներգետիկայի նախարարությունը. «Խոսքը վերաբերում է «Ձորա ՀԷԿ» ՓԲ-ի օտարմանը, որն իրականացվել է Կառավարության կողմից։ 2002 թվականին այն փոխանցվել է ՊՆ-ին, 2010 թվականին օտարվել է»։ Օհանյանը նշեց, որ այն փոխանցվել և օտարվել է կառավարության որոշմամբ, և որ ինքը և ՊՆ-ն որևէ շահագրգռվածություն չէին կարող ունենալ այդ գործում։

Նա նշեց, որ կառավարության որոշումները անցնում են միջգերատեսչական համաձայնություն և պետության բոլոր կարևոր մարմինների կողմից համաձայնեցում ստանում են՝ դրանով նշելով, որ ավարտվում է ՊՆ-ին վերաբերող ֆորմալ մասը։

Օտարման հիմնական գործընթացը իրականացրել է Էներգետիկայի նախարարությունը, որովհետև մասնագիտական առումով «Ձորա ՀԷԿ» ՓԲ-ի արդյունավետությունը, վիճակ, դերը, նրա օտարման անհրաժեշտությունը որոշում է մասնագիտական գերատեսչությունը։ Փորձագիտական խմբի գնահատմամբ գինը որոշվել է նրանց կողմից։ Այն ժամանակվա օտարման գինը եղել է 10 միլիոն դոլարը, այսօրվա կուրսով կազմում է շուրջ 9,5 միլիոն դոլար։ ՊՆ-ն որևէ շահագրգռվածություն չուներ։ Այդ կասկածանքը չեմ ընդունում, որովհետև ինձ հետ որևէ կապ չունի»։

Սեյրան Օհանյանը հայտնեց, որ ինքը ՀՔԾ-ում ցուցմունք չի տվել. «Իրենք ասում են, որ իմ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, ես ցուցմունք չեմ տվել, ստորգրություն չեմ տվել։ Նա նշեց, որ արդեն ստորագրություն ուներ ՀՔԾ-ում՝ «Մարտի 1-ի» գործով․ «Տեղեկատվական դաշտում այս ամբողջ թատրոնն անտեղի է, որովհետև ՀՔԾ-ն վերջին տարիների իր գործելաոճի շրջանակներում խախտում է նախաքննական գաղտնիությունը, քանի որ կասկածանքը դեռ պետք է ապացուցվի»։

Նա նաև հավելեց, որ հայտնի է, թե գնորդ կողմին քանի անգամ է վերավաճառվել, ինչ գներ են տրվել․ «Ես այնտեղ Միքայել Մինասյան անուն չեմ տեսել։ Չգիտեմ՝ ինչ նպատակ են հետապնդում։ Գիտեք, մինչև ապրիլի 5-ը կարող է այսպիսի մի 10 հատ գործ գտնեն, բայց պետք է ապացուցվի»։

Նշենք, որ երեկ ՀՔԾ-ն հայտարարություն էր տարածել, որ Սեյրան Օհանյանը կասկածյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք` առանձնապես խոշոր չափերի` 1,046,400,000 ՀՀ դրամ արժողությամբ գույքի վատնում կատարելու կասկածանքով:

Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2010 թվականի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մշակված ՀՀ կառավարության գաղտնի որոշման նախագծով, առանց օրենքի մի շարք պահանջների պահպանման, մասնավորապես` առանց գույքի պարտադիր գնահատման, առաջարկվել է թույլատրել ՀՀ ՊՆ-ին՝ որպես «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորություններն իրականացնող մարմնի, հավանություն տալ 3,600,000,000 ՀՀ դրամ գումարով ընկերության գույքի օտարմանը «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը:

Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անունից 2010 թվականի դեկտեմբերի 16-ին կազմվել է ՀՀ կառավարության որոշման նախագծի առաքման վերաբերյալ գաղտնի գրություն, որը Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ նույն օրն ուղարկվել է ՀՀ կառավարության աշխատակազմ:

Որոշման նախագիծը գաղտնի ընթացակարգով քննարկվել է ՀՀ կառավարության նիստում և 16.12.2010թ.-ին ընդունված որոշման հիման վրա կնքված գույքի առուվաճառքի պայմանագրով «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերության՝ պետական սեփականություն հանդիսացող, պարտադիր գնահատման ենթակա՝ 4,646,400,000 ՀՀ դրամ շուկայական արժեքով ողջ գույքը, առանց պատշաճ գնահատման միջոցով շուկայական արժեքի սահմանման, «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանն է իրացվել իրական արժեքից 1,046,400,000 ՀՀ դրամ պակաս գումարով: