Զբոսաշրջիկները չեղարկում են Ծաղկաձորի հյուրանոցներում ամրագրած համարները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

.

Կորոնավիրուսի ռիսկային խմբի մարդկանց Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոց տեղափոխելուց հետո մի շարք հյուրանոցների այցելուներ չեղարկել են նախապես այս օրերի համար ամրագրումները: Այս մասին գրում է NEWS.am-ը:

Հյուրանոցներից մեկի մենեջեր Խաչատուր Մովսիսյանը  տեղեկացրեց, որ տեղացիների կողմից չեղարկվել են 5-6 համարների ամրագրումներ:

«Մինչեւ Հայաստանում դեպքի հաստատվելը ունեինք հիմնականում դրսից ժամանող հյուրերի խմբային ամրագրումների չեղարկումներ ՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ, իսկ Հայաստանում դեպքի հաստատվելուց հետո տեղի հայերն են չեղարկել, ասել են, որ կորոնավիրուսի հետ կապված են չեղարկում»,- ասաց նա՝ նշելով, որ իրենք հյուրանոցի ընդունարանում ձեռքերը ախտահանող միջոցներ են պահում եւ առաջարկում իրենց հյուրերին:

Խոշոր հյուրանոցներից մեկում էլ այսօրվա դրությամբ ոչ մի այցելու չի մնացել, նախօրեին նրանք լքել են Ծաղկաձորը: Հյուրանոցի տնօրենը՝ Նարինե Բեգլարյանը պատմեց, որ մի քանի հոգի էլ չեղարկել են առաջիկա օրերի համար ամրագրումները:

«Վերջին մեկ օրվա ընթացքում ունենք երեք ամրագրումից հրաժարում, սպասումներ կային, որ պետք է մարտի 8-ի առիթով ամրագրումներ լինեին, բայց բոլոր հեռախոսները լռում են: Պատճառները չեն ասել, բայց մտածում ենք՝ կապված է կորոնավիրուսի հետ»,- ասաց նա՝ նշելով, որ սեզոնային վերջին օրերին քաղաքը անսովոր կերպով դատարկ է:

Մեկ այլ հյուրանոցի աշխատակիցը ՝ Մարինե Հակոբյանը նշեց, որ մեկ ամրագրում են ունեցել առաջիկա օրերի համար, որը հենց նախօրեին զանգել, չեղարկել են:

«Կինը ծիծաղելով ասաց՝ վերջին դեպքերի հետ է կապված: Ընկերուհին, որը պետք է իր հետ լիներ, հղի է, երեւի դա է պատճառը, որ վախեցել էին իրարանցումից»,- ասաց նա՝ նշելով, որ հյուրերի կողմից անհանգստություն նկատել են, որոնց բացատրել են, որ «Գոլդեն Փելեսը» մեկուսացված է մյուս հյուրանոցներից եւ մարդաշատ վայրերից, հետեւաբար, վտանգ չի ներկայացնում:

Ծաղկաձորի ճոպանուղու տնօրինությունից հայտնեցին, որ զբոսաշրջիկների հոսքն այսօր զգալիորեն կրճատվել է, ինչն աննախադեպ է տարվա այս ժամանակահատվածի համար:

Նախօրեին Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը: Վարակվածը Թեհրանից մարտի 1-ի գիշերը օրերս ժամանած՝ ՀՀ 29-ամյա քաղաքացի է: Նրա հետ շփում ունեցած 31 անձ մեկուսացվել է Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում: Աշխարհում կորոնավիրուսից վարակվածների թիվը 89,856 է,  մահացածներինը՝ 3,069: