Քրգործով ոչ թե հերքվել, այլ հաստատվել է անչափահասին վրաերթի ենթարկելու փաստը. պաշտպան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

վրաերթ1

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Դավիթ Սանասարյանի ֆեյսբուքյան գրառմանը, համաձայն որի՝ երեխայի վթարի գործով փորձաքննությունն ապացուցել է իր անմեղությունը:

«ՀՀ ՊՎԾ կասեցված ղեկավար պ-ն Դ. Սանասարյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և հայտնել, որ իր կողմից անչափահասի վրաերթի քրեական գործը կարճվել է, քանի որ փորձագետը հաստատել է իր անմեղությունը: Ինքը երբևէ «..երեխային մեքենայի տակ չի գցել, երեխան իր անզգուշության արդյունքում կողքից դիպել է մեքենային ու վայր ընկել»։

Որպես անչափահաս տուժողի ներկայացուցիչ՝ պետք է հանրությանը հայտնեմ հետևյալը․ քրեական գործի նյութերով ոչ թե հերքվել է, այլ հաստատվել է Դ. Սանասարյանի կողմից անչափահաս Ա. Ղ.-ին վրաերթի ենթարկելու փաստը: Դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացությունը պարզապես գտել է, որ նա տեխնիկական տեսակետից հնարավորություն չի ունեցել կանխելու վրաերթը: Այդ եզրահանգման հետ տուժող կողմը չի համաձայնել, հարցաքննվել է փորձագետը, այնուհետև միջնորդություն է ներկայացվել լրացուցիչ փորձաքննություն նշանակելու մասին, ինչը հավանաբար, դատելով Դ. Սանասարյանի գրառումից, մերժվել է, իսկ քրեական գործի վարույթը կարճվել է: Որոշումը տուժող կողմը չի ստացել, ստանալուն պես այն կբողոքարկվի:

Հիշեցնեմ, որ վրաերթի հետևանքով անչափահաս Ա. Ղ․-ն ստացել է միջին ծանրության մարմնական վնասվածքներ:

Հ. Գ. Ավելի մանրամասն իրավիճակը, այն է՝ դատաավտոտեխնիկական ոլորտի փորձագետի տարօրինակ և անհասկանալի մոտեցումները, կներկայացնեմ հետագայում՝ որոշումը ստանալուց հետո»,-գրել է Տիգրան Աթանեսյանը:

Ավելի վաղ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ երեխայի վթարի գործով փորձաքննությունն ապացուցել է իմ անմեղությունը, իսկ քրեական գործը՝ կարճվել։

«Չեմ ուզում կրկնել թե ինչ կեղծ ու ստոր հավաստիացումներ էին անում բոլորիդ հայտնի սրիկաները, պարզապես մի անգամ ևս կրկնեմ. ես երեխային մեքենայի տակ չեմ գցել, երեխան իր անզգուշության արդյունքում կողքից դիպչել է մեքենայիս ու վայր ընկել»,-գրել էր Սանասարյանը։