ՀՀ մի շարք ավտոճանապարհներին բուք է․ փակ է Վարդենյաց լեռնանցքը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ի ժամը 12:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Վարդենյաց լեռնանցքը փակ է (բուք է) բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Սոթք-Քարվաճառ և Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Շիրակի մարզում, Արագածոտնի մարզի Ապարան, Թալին քաղաքներում, Արագածի տարածաշրջանում, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Լոռու մարզի Սպիտակ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Գավառ, Սևան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Արագածոտնի մարզի Թալին, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում, Աշոցք, Ջաջուռ գյուղերում և Թորոսգյուղ-Բավրայի անցակետ, Ցողամարգ-Ամասիա ավտոճանապարհներին բուք է:

Փետրվարի 25-ի ամբողջ օրը հյուսիսային շրջաններում` հատկապես լեռնային առանձին գոտիներում, սպասվում է բուք, և տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ բաց:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 483 բեռնատար ավտոմեքենա: