Ինձ այսօր կրկին անհեթեթ մեղադրանք առաջադրվեց․ հետաքրքիր դատաքննություն է սպասվում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

բաբայան

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՔԾ տարածած տեղեկության վերաբերյալ։ Տեղեկատվության մեջ մասնավորապես նշված է Բաբայանին առաջադրված մեղադրանքը փոխելու մասին․ «Շատ հետաքրքիր դատաքննություն է սպասվում, եթե իհարկե դատախազությունն այս անգամ հաստատի մեղադրական եզրակացությունն ու գործն ուղարկի դատարան»։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Իրականում քննիչն իր որոշմամբ ինձ առաջադրված մեղադրանքը փոփոխել է։ Ինչպես հիշում եք, դեռևս այդ անհեթեթ քրեական գործի հարուցման պահից ես ու պաշտպանական թիմս խոսել ենք ինձ առաջադրված մեղադրանքի (իշխանության յուրացում) աբսուրդ լինելու մասին։ Պարբերաբար հայտարարել են, որ առաջադրված մեղադրանքն իրականության հետ որևէ կապ չունի, որ այն բացառապես քաղաքական դրդապատճառներով ապօրինի քրեական հետապնդում է։

Վերջին օրերին դատախազությունը հայտնել էր, որ արդեն երկրորդ անգամ չի հաստատել ինձ առաջադրված մեղադրանքը և գործը վերադարձրել է լրացուցիչ քննության։ Այդպիսով հաստատվել է մեր ամիսներ շարունակ պնդումները, որ առաջադրված մեղադրանքն անհեթեթություն է, սոսկ ֆուտուրիզմի շարքից է։

Այսօր հրավիրված էի ՀՔԾ, որտեղ փոփոխության ենթարկվեց ինձ առաջադրված մեղադրանքը։

Քննչական-դատախազություն պինգպոնգից հետո քաղաքական իշխանությունը ստիպված եղավ ընդունել, որ իշխանության յուրացում որևէ դեպքում տեղի չի ունեցել։ Իսկ այսօրվա փոփոխությամբ, որն ավելի մեղմ է, քան իշխանության յուրացումը՝ կրկին անհեթեթ մեղադրանք առաջադրվեց, իբր՝ պաշտոնական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք։

Շատ հետաքրքիր դատաքննություն է սպասվում, եթե իհարկե դատախազությունն այս անգամ հաստատի մեղադրական եզրակացությունն ու գործն ուղարկի դատարան։

Ամենահետաքրքիրը դեռ առջևում է, իսկ քրեական գործի նյութերով, ինչպես ավելի վաղ հայտնել է, ապացուցվել է հանցադեպի բացակայությունը։

Դատարանում քաղաքական իշխանությանը շատ հետաքրքրիր խայտառակություն է սպասվում»։

Հիշեցնենք,ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի մեղադրանքները փոփոխվել են: Այս մասին ավելի շուտ հայտնել էին Հատուկ քննչական ծառայությունից: