Աէրացիայում «Ինֆինիտի»-ում նստած անձի ուղղությամբ կրակոցները դիպել են բեռնախցիկի ծածկոցին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

հասարակական

2020թ. փետրվարի 21-ին Երևան քաղաքի Աէրացիա թաղամասում ենթադրյալ հանցագործություն կատարած անձն իր մոտ ապօրինի պահվող ատրճանակից առերևույթ դիտավորությամբ կրակոցներ է արձակել «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայում գտնվող քաղաքացու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ գնդակները դիպչել են բեռնախցիկի ծածկոցին և գազի գլանանոթի երկաթյա կաղապարին: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ)  1-ին մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)  1-ին մասով: 

Քրեական գործով իրականացված քննությամբ պարզվել է քաղաքացու ուղղությամբ հրազենից առերևույթ կրակոցներ արձակած անձի ինքնությունը: 

Որոշում է կայացվել վերջինիս ձերբակալելու մասին:

Կատարվում են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: