Գարեգին Երկրորդը հանդիպել է սիրիահայ երեխաներին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News   

Կաթողիկոս

Փետրվարի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում ապաստան գտած սիրիահայ ընտանիքների երեխաներին՝ ուղեկցությամբ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության տնօրեն տիար Ջորջ Բարսեղյանի:

Ողջունելով մանուկներին` Ամենայն Հայոց Հայրապետն իր սերն ու օրհնությունը բերեց նրանց և իր գնահատանքը փոխանցեց նրանց ծնողներին, ինչպես նաև այն բոլոր կազմակերպություններին, որոնք իրենց զորակցությունն ու օժանդակությունն են բերում Հայաստանում հաստատված սիրիահայ ընտանիքներին:

Նորին Սրբությունը ցավով անդրադարձավ այն իրադարձություններին, որոնց հետևանքով խաթարվում է Սիրիայում բնակվող հայորդիների բնականոն կյանքի ընթացքը և պատճառ հանդիսանում նրանց հարկադրաբար տեղահանման, սակայն միևնույն ժամանակ կարևոր նկատեց այն հանգամանքը, որ ստեղծված իրավիճակում սիրիահայությունն իր հայացքն ու քայլերն է ուղղում դեպի մայր Հայրենիք և
բնակություն հաստատում հայրենի սրբազան հողում:

Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը հարց ու պատասխանի միջոցով նաև տեղեկացավ երեխաների առօրյայից, իղձերից և ապագայի հանդեպ ունեցած ակնկալիքներից՝ վստահեցնելով, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պատրաստակամ է օժանդակելու նրանց ազգային ոգով ներշնչվելու, հոգևոր և հասարակական կյանքին ինտեգրվելու համար:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր բարեմաղթանքները փոխանցեց ուխտավոր հայորդիներին՝ հայցելով, որ Աստծո Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղությունը վերահաստատվի Սիրիայում, և Տիրոջ օրհնությունը մշտապես ուղեկից լինի ողջ սիրիահայությանը: