Սլովակիան Եվրոպայում ՀՀ-ի կարևորագույն գործընկերներից մեկն է. ԱԳՆ-ի հակիրճ տեղեկանքը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

քաղաքական

Փետրվարի 24-ին պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակը: Այցելության նպատակը երկկողմ հարաբերությունները նոր որակական մակարդակի փոխադրելն է:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հայ-սլովակյան հարաբերություններն ավանդաբար կրում են գործընկերային բնույթ: Սլովակիան հանդիսանում է Եվրոպայում Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկը, և Հայաստանը շահագրգռված է ընդլայնելու և խորացնելու Սլովակիայի հետ համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր այլ բնագավառներում, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով: 

Հայաստանի և Սլովակիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1993թ. հունվարի 14-ին: 2019թ. Սլովակիան որոշում է կայացրել ռեզիդենտ դեսպանություն հիմնելու Երևանում, որի բացումը տեղի կունենա նախարար Լայչակի այցի օրերին:

2019թ. դեկտեմբերին Սլովակիայում բացվել է ՀՀ պատվո հյուպատոսությունը:

Եվրամիության և ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունների նոր իրավական հենք հանդիսացող ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Սլովակիան վավերացրել է 2019թ. հունիսի 4-ին:

Սլովակիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում պահպանում է ԵՄ կողմից որդեգրած դիրքորոշումը՝ հակամարտության կարգավորումն իրականացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում: 

Հայաստանի և Սլովակիայի միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2019թ. կազմել է  8,873.3 հազար ԱՄՆ դոլար: ՀՀ-ից Սլովակիայի Հանրապետություն ապրանքների արտահանումը կազմել է 398,8 հազ. ԱՄՆ դոլար, ներմուծումը՝ 8474,5 հազ. ԱՄՆ դոլար:

Զբոսաշրջության բնագավառում Սլովակիայից Հայաստան ընդհանուր այցելությունների թիվը 2019թ. կազմել է 1684:

Երկու երկրների խորհրդարաններում գործում են բարեկամության խմբեր, ՀՀ ԱԺ-ում բարեկամության խմբի ղեկավարն է Համազասպ Դանիելյանը՝ «Իմ քայլը» դաշինքից, իսկ Սլովակիայի խորհրդարանում՝ Դուշան Տիտտելը:

Երկու երկրների ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության շրջանակներում համագործակցություն է հաստատվել ՀՀ Արմավիրի մարզի և Սլովակիայի Հանրապետության Տռնավայի երկրամասի միջև: 

Երևանն ու Բրատիսլավան ունեն եղբայրացման մասին համաձայնագիր։

Համագործակցությունը միջազգային հարթակներում

Սլովակիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև է ընդունել 2004թ. նոյեմբերի 30-ին հետևյալ բովանդակությամբ` «Սլովակիայի Հանրապետության Ազգային Խորհուրդը ճանաչում է 1915 թվականի Հայերի ցեղասպանությունը, որի ընթացքում զոհվել են Oսմանյան կայսրությունում ապրող հարյուր հազարավոր հայեր, և այդ իրողությունը համարում է մարդկության դեմ հանցագործություն»:

Սլովակիան համահեղինակել է ՀՀ կողմից 2013թ., 2015թ. և 2018թ. Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում առաջադրած և հեղինակած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևին:

                                   Բարձաստիճան փոխայցելություններ

2002թ. տեղի է ունեցել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած պատվիրակությունը այցը Սլովակիա:

2018թ. տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի այցը Սլովակիա:

2011, 2013, 2015, 2016 թթ. տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Սլովակիա:

2016թ. տեղի է ունեցել Սլովակիայի Ազգային Խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի այցը Հայաստան:

2000, 2008, 2010, 2013, 2019թթ. տեղի է ունեցել Սլովակիայի ԱԳ նախարարի այցը Հայաստան:

2019թ. հունվարին Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակներում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Սլովակիայի վարչապետ Պետեր Պելլեգրինիի հանդիպումը:

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակը հանդիպել են 2018թ. սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի, 2018թ. դեկտեմբերին Միլանում ԵԱՀԿ նախարարական խորհրդի, 2019թ. փետրվարին Մյունխենի անվտանգության խորհրդի, 2019թ. սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի, 2019թ. դեկտեմբերին Բրատիսլավայում ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում: 

2018թ. նոյեմբերի 21-ին Երևանում կայացել է քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Սլովակիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: