3-րդ նախագահի գործը կքննի նրա նշանակած կադրը․ նա ո՛չ վախեցած է, ո՛չ կաշկանդված․«Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

վահե

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու համար մեղադրվող երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործը նախագահող դատավոր Վահե Միսակյանն առաջիկայում կարող է ինքնաբացարկ հայտնել: Եվ ուշագրավն այն է, որ Վահե Միսակյանն իր դատավորի կարիերան սկսել է 2017 թվականի նոյմբերի 30-ին, իսկ, ահա, դատական համակարգում առաջին քայլերը անելու և ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր դառնալու հրամանագիրը ստորագրել է հենց Սերժ Սարգսյանը: Եվ չի բացառվում, որ այս հանգամանքով էլ պայմանավորված լինի դատավոր Միսակյանի ինքնաբացարկը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Վահե Միսակյանը նշեց. «Առհասարակ, ինձ ո՛չ վախեցրել են, ո՛չ վախեցնում են, ո՛չ էլ ինչ-որ բանից վախենում եմ… : Ես որևէ կաշկանդվելու պատճառ ո՛չ ունեմ. ո՛չ էլ որևէ հանգամանք կա»:

Սակայն նկատենք, որ, առհասարակ, թավշյա հեղափոխությունից հետո ստեղծված է մի իրավիճակ, երբ քննիչները կամ դատավորները խուսափում են քննել այնպիսի գործեր, որոնք կապված են նախկին պաշտոնյաների հետ: Նման պրակտիկա եղավ նաև ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով մեղադրալ Ռոբերտ Քոչարյանի պարագայում, երբ նրա գործը քննող դատավորները մեկը մյուսի հետևից ինքնաբացարկ էին հայտնում: Հիշեցնենք նաև, որ Սերժ Սարգսյանի կուսակիցները պատրաստվում են փետրվարի 25-ին դատարանի դիմաց բողոքի ակցիա իրականացնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: