Բարսեղ Բեգլարյանի դեմ ցուցմունք միայն Սերգո Կարապետյանն է տվել. պաշտպան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News 

կոլաժ

«Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը և Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը դիզվառելիքի գործով առերեսվել են: Այս մասին լրագրողներին ասել է Բարսեղ Բեգլարյանի պաշտպան Նիկոլայ Հակոբյանը։

Պաշտպանն ասել է, որ Կարապետյանը պնդել է իր ցուցմունքը, իսկ Բեգլարյանը՝ հերքել: 

Հակոբյանը շեշտել է, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքն անհիմն է, հափշտակություն գոյություն չունի։  

Պաշտպանը նաև ասել է, որ Բարսեղ Բեգլարյանի դեմ ցուցմունք տվել է միայն Սերգո Կարապետյանը։

Հիշեցնենք, որ դիզվառելիքի գործով մեղադրյալի կարգավիճակում է 5 անձ: Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին և նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):