ԼՂ հարցը մնաց փակուղում․ Коммерсантъ-ը` Փաշինյան- Ալիև հանդիպման մասին

 ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News   

Փաշինյան- ալիև

Ռուսական Коммерсантъ պարբերականն անդրադարձել է Մյունխենում անվտանգության կոնֆերանսում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ևն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը։

Ըստ Коммерсантъ-ի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցը մնում է ամբողջությամբ փակուղային։ Դա ակնհայտ դարձավ Մյունխենում անվտանգության կոնֆերանսի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանավոր մենամարտի արդյունքներից։

Նրանց մասնակցությամբ նիստը կայացավ փոխադարձ մեղադրանքներով և ընդդիմախոսների հանդեպ ծաղրանքով։ Ընդ որում ոչ նախանձելի դերում էր մոդերատորը։

Նիկոլ Փաշինյանին ու Իլհամ Ալիևին հազվադեպ կարելի է տեսնել նույն միջոցառմանն ու հատկապես նույն բեմում, ինչի համար մոդերատորը, ով Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հարցերով ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի նախկին տնօրեն Սելեստ Վոլանդերն էր, նախևառաջ շնորհակալություն հայտնեց երկուսին էլ՝ բաց բանավեճի ձևաչափին մասնակցության և նման ցավոտ թեմա քննարկելու պատրաստակամության համար։

Իլհամ Ալիևը ելույթում ասաց, որ  «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է։ Դա միջազգայնորեն ճանաչված փաստ է»։ Իր պնդումը նա ամրագրեց  դեպի պատմություն ընդարձակ էքսկուրսիայով և հղումներով դեպի միջազգային պայամանգրեր, ներառյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը։

 Նիկոլ Փաշինյանն ինչպես և սպասվում էր, պատմությունը ներկայացրեց բոլորովին այլ տեսանկյունից։ Նրա խոսքից հետևում է, որ Բաքվի հավակնությունները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ անհիմն են․ այդ տարածքները մտել են Ադրբեջանի կազմ միայն Սովետական միության ձևավորման գործընթացում,  ավելի ուշ առանձնացել են Ադրբեջանական ԽՍՀ-ից, այնպես ինչպես Ադրբեջանը ԽՍՀՄ-ից։

Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերին, Հայաստանի վարչապետը մեկնաբանեց այպես՝ ուժերի դուրսբերման պայմանը պետք է լինի կրակի դադարեցման ռեժիմը, որին հասնել չի հաջողվում։ 

 Բանախոսներից յուրաքանչյուրը անհրաժեշտություն էր համարում հերքել մյուսի հայտարարությունը և վերջին խոսքի իրավունքը պահել իրեն։ Արդյունքում քննարկումը վերածվեց բանավեճի՝ կողմերը մեղադրում էին միմյանց փաստերի խեղաթյուրման, փոխզիջման անպատրաստություն, միջազգային իրավունքի խախտման և ագրեսիան արդարացնելու փորձերի մեջ։
Մոդերատորի հարցին, թե ինչ կարող է անել միջազգային հանրությունը հակամարտության կարգավորման համար։

«Ադրբեջանին հնարավորություն տալ հասկանալու, որ ուժով խնդիրները լուծել հնարավոր չէ»,- ասաց Փաշինյանը։
« Հստակ ցույց տալ Հայաստանին, որ Լեռնային Ղարաբաղը իր տարածքի մասը չէ և անկախ երկիր չէ, այլ անօրինական կազմավորում۫»,- ասաց Ալիևը։

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են 1992 թվականից։ Խորհրդակցություններն անցկացվում են ԵԱՀԿ տարածքում՝ երեք միջնորդ երկրի մասնակցությամբ ՝ Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա:

Նիկոլ Փաշինյանը քննադատեց Բաքվին Լեռնային Ղարաբաղի հետ անմիջական երկխոսության մեջ մտնելու անպատրաստության համար․ «Նախագհահ Ալիևը հրաժարվում է խոսել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ, և դա շատ տարօրինակ փաստ է։ Ինչպե՞ս կարելի է լուծել խնդիրը, երբ նա չի ուզում խոսել այդ հանրապետության ներկայացուցիչների հետ»,- դիմեց նա հանրությանը։

Իլահմ Ալիևը պատասխանեց․ «Մենք պատրաստ ենք խոսել Լեռնային Ղարաբաղի հետ, եթե Հայաստանը դադարի ֆինանսավորել նրան, իր զորքը դուրս բերի Լեռնային Ղարաբաղից և ամբողջությամբ դուրս գա մեր տարածքից։ Այդ ժամանակ մենք կունենաք փաստարկներ այդ մարդկանց հետ խոսելու համար։ Բայց քանի դեռ նրանք (հայկական զինված ուժերը․ խմբ․) այնտեղ են, ոչ մի դեպքում»։

 Իլհամ Ալիևն ասաց, որ փետրվարի 15-ին հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ադրբեջանցի զինծառայող է զոհվել, ինչին Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․

«Մեր զինվորը վիրավորում է ստացել ադրբեջանական կողմի կրակից»

 Ընդ որում երկու երկրների ղեկավարներն էլ պնդում էին, որ հարցը փակուղում է ոչ իրենց պատճառով։

«Անհնար է ավարտել հակամարտությունը մեկ-երկու քայլով։ Մեզ պետք է միկրոհեղափոխություն, առաջընթաց։ Հավատացնում եմ ձեզ, որ Հայաստանն ու Ղարաբաղը պատրաստ են հարցի կարգավորման համար իրական ջանքեր ներդնել», վստահեցեց է Նիկոլ Փաշինյանը։

«Մենք պատրաստ ենք բանակցությունների շարունակության և վաղուց համաձայնել ենք Ռուսաստանի՝ հակամարտության փուլային կարգավորման նախաձեռնությանը»,- իր հերթին ասաց Իլհամ Ալիևը։

Մոդերատոր Սելեստ Վոլանդերին մնում էր միայն շնորհակալություն հայտնել իր զրուցակիցներին նույն բեմում ելույթ ունենալու պատրաստակամության համար։