Վաչագան Ղազարյանի կողմից «Յանսի» նախկին հաշվապահից 40 մլն դրամ շորթելու գործը կարճվել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

իրավական

«Յանս» ռեստորանային համալիրի սեփականատիրոջ կողմից նախկին գլխավոր հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանից շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը հունվարի 22-ին կարճվել է։ Այս մասին 24News-ին հայտնեց Վաչագան Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը։ 

Հիշեցնենք, որ 2018 թվականի նոյեմբերին ՔԿ-ն հայտնել էր, որ «Սելենա» ՍՊԸ-ին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի գործունեության ընթացքում հայտնաբերվել են հանցավոր մի շարք դրսևորումներ, որոնց հետևանքով պետությանը պատճառված վնասը, նախնական հաշվարկներով, կազմում է 1 մլրդ 163 մլն 516 հազ 352 ՀՀ դրամ։ Սրա հետևանքով հարուցվել է նոր քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով և ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նկատի ունենալով, որ համալիրի փաստացի սեփականատիրոջ Ռուզաննա Բեգլարյանի և նրա ամուսնու՝ Վաչագան Ղազարյանի վերաբերյալ քրեական գործ է քննվում ՀՔԾ-ում։

Նշենք նաև, որ ՀՔԾ-ն հայտնել էր, որ հարկային չարաշահումների համար ո՛չ Վաչագան Ղազարյանին (Սերժի Վաչո), ո՛չ էլ նրա կնոջը մեղադրանք չէր առաջադրվել։ Ավելին՝ նախաքննական մարմինը պարզապես շրջանցել էր հարկային չարաշահումների թեման։ ՀՔԾ-ն մասնավորապես հայտնել էր, որ Վաչագան Ղազարյանին ու նրա կնոջը` Ռուզաննա Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների կատարման համար»,- նշված էր պատասխանում:

Մինչդեռ այդ հատկանիշներով քրեական գործի հարուցման մասին հայտարարվել էր դեռևս հարկային չարաշահումների բացահայտումից ամիսներ առաջ՝ 2018 թվականի հունիսի 22-ին, երբ Վաչագան Ղազարյանի տանը կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել էր առանձնապես խոշոր չափերի գումար՝ 1 մլն 110 հազար 400 դոլար, 35 մլն ՀՀ դրամ, 230 հազար 500 եվրո, իսկ ավտոտնակից՝ 2.000 ԱՄՆ դոլար, «Ֆրանկ Մյուլլեր» ապրանքանիշի 2 հատ ժամացույց։
Այդ դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Վաչագան Ղազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 310.1-ին հոդվածի 1-ին մասով մեղադրանք առաջադրելու մասին հայտարարվել էր 2018 թվականի հունիսի 27-ին, իսկ կնոջը մեղադրանք էր առաջադրվել նույն տարվա օգոստոսի 3-ին։