Ադրբեջանում ոստիկանությունը բռնի ուժով ցրել է պատգամավորի թեկնածուների բողոքի ակցիան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

Ադրբեջան

Ադրբեջանում պատգամավորի մի քանի  թեկնածուներ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել  փետրվարի 9-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններում թույլատրված կեղծիքների դեմ:

Թեկնածուների կոչն ընթերցելու ժամանակ ոստիկանները խանգարել են նրանց հասարակական կարգը չխախտելու պահանջ են ներկայացրել, ինչին ի պատասխան պատգամավորի թեկնածու Ռուսլան Իզզաթլին հայտարարել է, թե պատգամավորության թեկնածուներն անձեռնմխելիություն ունեն, և շարունակել է կարդալ հայտարարությունը:

Ոստիկանությունը ձերբակալել է նրան և պատգամավորության մեկ այլ թեկնածու Ահադ Մամեդլիին, իսկ մյուսներին ցրել է: Բերման են ենթարկվել նաև ակտիվիստներ։

Բերման ենթարկվածները երեկոյան բաց են թողնվել Բաքվի ծայրամասում։

Բերման ենթարկված ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ակտիվիստ Արզուլլա Բուլուդովն իրեն վատ է զգացել, սակայն ոստիկանությունը շտապ օգնությանն են դիմել միայն այն ժամանակ, երբ ակտիվիստի վիճակը կրիտիկական է դարձել։

Բուլուդովը բժիշկների միջնորդությամբ շտապ հոսպիտալացվել է քաղաքային կլինիկական կենտրոն:  Նրա մոտ կողոսկրերի կոտրվածք է կասկածվում։ Թեկնածուներից մեկը ձեռքերի կոտրվածքներ ունի, մյուս տուժածները հիվանդանոցում ստուգումներ են անցել: