ՌԴ-ն վճռորոշ դեր է խաղացել 2016-ի ապրիլյան պատերազմի դադարեցման գործում. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

ռդ

ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն «Ռուսաստանն այսօր» գործակալությանը տված հարցազրույցի շրջանակում հայտարարել է, որ Ռուսաստանը վճռորոշ դեր է խաղացել 2016-ի ապրիլին տեղի ունեցած մարտական գործողությունների դադարեցման գործում:

«ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանը միշտ ակտիվ միջնորդության դերարակատարում է ունեցել: Ձգձգված հակամարտության կարգավորման գործում կողմերին աջակցելը մեր արտաքին քաղաքականության անվերապահ առաջնահերթություններից է»,- ասել է Անդրեյ Ռուդենկոն, ապա նշել, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը շարունակում է գտնվել ՌԴ նախագահի և ԱԳ նախարարի ուշադրության կենտրոնում: 

ՌԴ փոխարտգործնախարարը նաև հիշեցրել է, որ Ռուսաստանի անմիջական աջակցությամբ ստորագրված փաստաթղթերի թվում է 1994-ին կնքված Հրադադարի մասին համաձայնագիրը, որը ցայսօր հրադադարի հիմքն է:  

«Մեր երկրի միջնորդական ջանքերի ճանապարհին կարևոր փուլ էր 2008-ին Մոսկվայի հռչակագրի ընդունումը, որում խոսվում է ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման մասին»,-ասել է պաշտոնյան, ապա հիշեցրել, որ դա միակ փաստաթուղթն է ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ, որի տակ կան Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների ստորագրությունները:

«Ռուսաստանը որոշիչ դեր է խաղացել 2016-ին լայնամասշտաբ ռազմական գործողությունների դադարեցման գործում՝ Ադրբեջանի և Հայաստանի գլխավոր շտաբների պետերին Մոսկվա հրավիրելով»,- ասել է ռուս պաշտոնյան: