Մարդիկ այլ կերպ են ընկալում չափազանց համեստությունս․ Սիլվա Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

«Իմ սիրված լինելու պատճառներից մեկն էլ իմ համեստությունն է, բայց չափազանց համեստությունս ինձ նաև խանգարում է, իսկ մարդիկ այդ համեստությունն այլ կերպ են ընկալում»,- 24TV-ի «Ժամադադար» հաղորդաշարի եթերում ասել է երգչուհի Սիլվա Հակոբյանը։ 

«Կարող ես լինել միջակ, բայց քեզ սիրեն՝ շաքար, չամիչ ասելով, որ քո կերպարի անդրադարձն է։ Իսկ ամեն ինչից առաջ իմ սիրված լինելու պատճառն իմ ընտանիքն է։ Մենք ընտանիքով ենք հանդես գալիս։ Հայրս, որ մշտապես ինձ աջակցել է, իմ պրոդյուսերն է, քույրս երգերն է գրում, եղբայրս գործիքավորում է։ Իսկ մեր այդ երգելու և նվագելու շնորհը մամայից է գալիս։ Ոչ միայն Հայաստանում, նաև աշխարհում շատ քիչ կան այսպես ընտանիքով հանդես եկող երգիչներ։ Մայքլ Ջեքսոնն է ընտանիքով հանդես եկել, Բիոնսեին է ընտանիքն աջակցել, Հայաստանում էլ մենք ենք ընտանիքով հանդես գալիս»,- հավելել է Հակոբյանը։

Դառնալով իր կերպարին՝ երգչուհին նշել է․ «Ես խիստ ընտանիքում եմ մեծացել՝ հորս և եղբորս հսկողության տակ։ Ես միշտ հայուհու իմ կերպարը պահում եմ, միշտ բարձրացրել եմ հայուհուն և այդպես բարձր էլ ցույց տվել աշխարհին»։

Սիլվա Հակոբյանն անդրադառնալով իր նոր ծրագրերին՝ նշել է, որ առաջիկայում համերգաշարով հանդես կգա Երևանում, Մոսկվայում և Լոս Անջելեսում։ «Երևանում վերջին մենահամերգս եղել է 2010թ․ և հիմա ժամանակն է նորից ներկայանալ հանդիսատեսին, իսկ Մոսկվայում երբեք մենահամերգ չեմ ունեցել և ցանկությունս մեծ է մենահամերգով ներկայանալ նաև Մոսկվայի հանդիսատեսին»,-ասել է երգչուհին։

Ավելի մանրամասն դիտեք տեսանյութում։