Կատարված սպանությունը բացահայտվել է. եղբոր վրեժն էր ուզում լուծել, բայց մեկն առաջ էր ընկել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

Դեպքն անցյալ տարի էր կատարվել` Կոտայքի մարզում: Փետրվարի 24-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Ջրվեժ գյուղի ճանապարհին՝ գերեզմանների հարեւանությամբ, հայտնաբերվել էր անհայտ տղամարդու դի` հրազենային վնասվածքներով։

Ավելի ուշ պարզվեց` սպանվածն Արմավիրի մարզի Մերձավան գյուղում հաշվառված 29-ամյա Կարեն Խնուսյանն էր: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց 9 մմ տրամաչափի 4 պարկուճ։ Աբովյանի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ` սպանության եւ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հատկանիշներով:

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները, առանձնապես ծանր հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու նպատակով, սկսեցին համատեղ աշխատանքը: Առաջ քաշվեցին եւ հերքվեցին տարբեր վարկածներ: Համալիր ու բազմակողմանի միջոցառումների արդյունքում դեպքից մի քանի օր անց ոստիկանները հայտնաբերեցին եւ սպանությունը նախապատրաստելու կասկածանքով բերման ենթարկեցին երկու անձի, որոնք հենց նույն օրը ձերբակալվեցին։ Լոռու եւ Տավուշի մարզի բնակիչներ 35 եւ 30-ամյա տղամարդկանց մեղադրանք առաջադրվեց։

Մարտի 2-ին նրանք կալանավորվեցին։ Ձեռնարկված համալիր միջոցառումների եւ քրեական գործով կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվեց, որ 2010 թվականին Կարեն Խնուսյանը Հունաստանում սպանել էր կալանավորվածներից մեկի եղբորը, Սալոնիկի վերաքննիչ դատարանի կողմից դատապատվել 57 տարվա ազատազրկման, սակայն ապօրինի հատելով սահմանը` ժամանել էր Հայաստան:

Սպանվածի եղբայրն էլ պատրաստվել էր վրեժ լուծել, բայց քննությանն այս պահին հայտնի տվյալներով` առանձնապես ծանր հանցագործությունն իրենց կամքից անկախ հանգամանքներում ավարտին չէին հասցրել, որովհետեւ ինչ-որ մեկն իրենցից առաջ սպանել էր նրան:

Սպանությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվեցին: Հարուցված քրեական գործի շրջանակներում իրավապահները խուզարկեցին մի շարք բնակարաններ։ Հայտնաբերվեցին տարբեր տեսակի հրազեններ, այդ թվում «Չեզե» մոդելի ատրճանակ, ինքնաձիգի փամփուշտներ եւ այլ ռազմամթերք, որոնք առգրավվեցին եւ ուղարկվեցին փորձաքննության։ Դեպքից մեկ տարի անց Քրեական ոստիկանության գլխավոր, Կոտայքի մարզային վարչությունների, ինչպես եւ Կոտայքի մարզային քննչական վարչության եւ Աբովյանի քննչական բաժնի ծառայողների համատեղ միջոցառումներով պարզվեցին գործի համար էական նշանակություն ունեցող ոչ միայն մի շարք հանգամանքներ, այլեւ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը:

Փոխգործակցելով ոստիկանության մի շարք ստորաբաժանումների, ինչպես եւ քննչական մարմինների հետ, բացահայտման ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկվեցին, որոնց արդյունքում պարզվեց, որ սպանությունը հնարավոր է կատարած լինի Վանաձորի 48-ամյա մի բնակիչ: Սույն թվականի փետրվարի 4-ին սպանության մեջ մեղադրվող անձի նկատմամբ հայտարարվեց հետախուզում:

Ձեռնարկվում են լայնածավալ որոնողական աշխատանքներ հետախուզվողին հայտնաբերելու եւ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

48-ամյա Վանո Թումանյանի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Կոտայքի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով:

Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: